Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

Մարդու իրավունքների զեկույց 2007Թ.

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը շուրջ 3.2 միլիոն բնակչությամբ սահմանադրական հանրապետություն է: Սահմանադրությամբ նախատեսվում է ձայների մեծամասնությամբ ընտրվող նախագահ ու միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով): 2007 մայիսի խորհրդարանական ընտրությունները տեղ գտած ընթացակարգային թերությունների պատճառով լիովին չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին` չնայած նախորդ ընտրությունների համեմատ դրական տեղաշարժերի: Երկրում գործում է բազմակուսակցական քաղաքական համակարգ: Քաղաքացիական իշխանություններն ընդհանուր առմամբ արդյունավետ հսկողություն են ապահովել անվտանգության ուժերի նկատմամբ, սակայն անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ թույլ են տվել մարդու իրավունքների ոտնահարումներ:

Մարդու իրավունքների ոլորտում կառավարության գործունեությունը շարունակել է մնալ անբավարար, և դեռ եղել են լուրջ խնդիրներ: Երկրի քաղաքացիները չեն կարողացել ազատորեն փոխել իրենց իշխանություններին. իշխանությունները ծեծի են ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին, ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության ուժերը գործել են անպատժելիորեն. կատարվել են կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ. բանտերը եղել են ծանրաբեռնված ու անառողջ պայմաններով, չնայած կամաց–կամաց բարելավվում են. իշխանությունների կողմից եղել են սահմանափակումներ քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության, մամուլի ազատության ու հանրահավաքների ազատության մասով: Լրագրողները շարունակել են զբաղվել են ինքնագրաքննությամբ, իսկ կառավարությունն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Դեռ խնդրահարույց են եղել բռնությունները կանանց նկատմամբ ու ամուսնական բռնությունները, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգը, հաշմանդամների նկատմամբ խտրականությունը և համասեռամոլների նկատմամբ ոտնձգությունները հասարակության կողմից: Եղել են հաղորդումներ հարկադիր աշխատանքի մասին:

ՀԱՐԳԱՆՔ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՄԱՍ 1. Հարգանք անձի անձեռնմխելիության նկատմամբ

ա) Կամայական կամ անօրինական ձևով կյանքից զրկելը

Կառավարությունն ու իր գործակալները քաղաքական սպանություններ չեն կատարել. սակայն կառավարության հաղորդման համաձայն տարվա ընթացքում բանակում գրանցվել է սպանության երեք ու ինքնասպանության չորս դեպք, ընդ որում ըստ գնահատումների վերջիններիս համար դրդապատճառ են հանդիսացել ոչ-կանոնակարգային հարաբերությունները զինված ուժերում:

Զինվորների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան խմբերը հավաստիացնում են, որ բանակում գրանցված ինքնասպանությունների մեծ մասը հանդիսանում են սպանություններ: Այդ խմբերը նշում են, որ սպաները հաճախ աղճատում են ապացույցները, իրենց զորամասերում կարգուկանոնը վերականգնելու և թերևս նաև մերկացնող ապացույցները վերացնելու նպատակով:

Հուլիսի 7-ին ինքնասպանություն գործած զինվոր Հովհաննես Մելտոնյանի ընտանիքի անդամները կասկածում էին, որ նա սպանության զոհ է դարձել: Ընտանիքի անդամները նկատել էին, որ Տավուշի մարզի Կողբի զորամասում ծառայող Մելտոնյանի մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ կային: Այս գործի հետ կապված տարեվերջի դրությամբ կալանքի տակ էր գտնվում մի սպա, որի նկատմամբ հարուցված էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Հետաքննություն իրականացնող մարմինը հանգել էր այն եզրակացության, որ Մելտոնյանի ինքնասպանության դրդապատճառ են հանդիսացել ամբաստանյալի կողմից թույլ տված բռնությունները:

Ազգությամբ հայ անջատողականները Հայաստանի օգնությամբ շարունակել են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը և հարակից ադրբեջանական 7 տարածքները: Ադրբեջանի հետ 540 մղոն երկարությամբ սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով տեղակայված ականները շարունակել են մարմնական վնասվածքների պատճառ հանդիսանալ: Տարվա ընթացքում ականային պայթյունների հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն վիրավորվել են ինը զինծառայողներ: Քաղաքացիական զոհեր ականային պայթյունների հետևանքով չեն գրանցվել, սակայն համաձայն հաղորդումների մայիսի 13-ին Իջևանում տեղի ունեցած ականային պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի զրկվել է ոտքից:

Ըստ պաշտոնական տեղեկատվության ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով շփման գծի երկայնքով զոհվել է վեց և վիրավորվել քսաներկու զինվորական:

Տարվա ընթացքում գրանցվել են բարձրաստիճան անձանց սպանությունների դեպքեր անհայտ մարդասպանների կողմից: Օգոստոսի 25-ին անհայտ անձը կրակել և սպանել է աշխատանքից տուն վերադարձող Լոռու մարզի գլխավոր դատախազ Ալբերտ Ղազարյանին: Տարեվերջի դրությամբ գործի քննությունը դեռ շարունակվում էր:

Ապրիլի 2-ին անհայտ անձինք հարձակում են գործել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրան ուղեկցող անձանց վրա` ավտոմատ հրազենային կրակ բացելով նրանց վրա` Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին: Քաղաքապետի երեք թիկնապահները և երկու մեքենաներից մեկի վարորդը մահացել են, իսկ քաղաքապետն ու փոխքաղաքապետը ստացել ծանր վնասվածքներ:

Մարտի 7-ին ձերբակալվել է մի անձնավորություն, որ կասկածվում է 2006թ.հարկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մեջ: Պաշտոնյան մահացել էր մեքենայի նստարանի տակ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Տարեվերջի դրությամբ գործը դեռ քննվում էր:

բ) Անհետացումներ

Քաղաքական շարժառիթներով պայմանավորված անհետացումների մասին հաղորդումներ չեն եղել:

գ) Խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ

Օրենսդրությամբ հիշյալ երևույթներն արգելվում են, սակայն պետական անվտանգության ուժերի անդամների կողմից դրանք կիրառվել են: Վկաները շարունակել են հաղորդել, որ ոստիկանները ձերբակալելիս կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում հարցաքննելիս ծեծի են ենթարկել քաղաքացիներին: Մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները նման հայտարարություններ են հաղորդել. այնուամենայնիվ, ոստիկանության կոպիտ վերաբերմունքին առնչվող դեպքերի գերակշիռ մասը չի գրանցվել` հաշվեհարդարի վախից: Իրավապաշտպան խմբերի հաղորդումների համաձայն ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրերից բանտեր տեղափոխված անձանց կեսից ավելին հայտնել են, որ իրենց հանդեպ եղել են բռնություններ, նրանց ենթարկվել են խոշտանգումների կամ ահաբեկվել են:

2006թ. ընթացքում հավաքած տվյալների հիման վրա Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը, որ կազմված է իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից, հունիսին հրատարակված զեկույցում մատնանշել է, որ խոշտանգումների հիմնական պատճառը խոստովանություն կորզելն է: Դատարանները հիմնականում ամբաստանյալի խոստովանությունն ընդունում են որպես համոզիչ ապացույց, նույնիսկ այն պարագայում, երբ դա կասկածելի կերպով է ձեռք բերվել: Զեկույցում նաև նշվում է, որ քրեական դատավարություններում որպես մեղադրյալ ներգրավված անձանց 80 տոկոսը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից՝ պնդելով, որ խոստովանել են պարտադրանքի կամ խոշտանգումների միջոցով: Քրեական արդարադատության համակարգը հիմնականում ուշադրություն չի դարձնում այսպիսի բողոքներին և դրանց հիման վրա քննություններ չեն անցկացվում կամ էլ անցկացվում են թեթև:

Մայիսի 12-ին իշխանությունները հաղորդեցին ոստիկանության տարածքում գտնվող Լևոն Գուլյանի մահվան մասին, որը մայիսի 9-ին իրեն պատկանող ռեստորանի մատույցներում տեղ գտած փոխհրաձգության ականատեսն էր: Ոստիկանության հաղորդման համաձայն նա մահացել էր ոստիկանական բաժնի երկրորդ հարկի պատուհանից փախուստի փորձ կատարելու արդյունքում: Գուլյանի ընտանիքը, փաստաբանները, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները պնդում էին, որ ոստիկաններն էին Գուլյանին պատուհանից կամ տանիքից գցել: Գուլյանի ընտանիքը նշել էր, որ նախորդ հարցաքննություններից վերադառնալուց հետո նրա մարմնին նկատելի էին բռնության հետքեր: Գործով մյուս երկու վկաները` Մարինե Գրիգորյանն ու Հայկ Մելքումյանը նշել են, որ հարցաքննությունների ժամանակ իրենց նկատմամբ նույնպես եղել են բռնություններ: Գուլյանի ընտանիքի պահանջով անցկացված անկախ դիազննության արդյունքներով պարզվել է, որ մահը վրա է հասել ընկնելու հետևանքով, սակայն մինչ պատուհանից դուրս ընկնելը նրա վիճակի մասին գնահատական չի տվել. Որոշ դիտորդներ վիճարկում էին անկախ դիազննության արդյունքները` նշելով, որ պետական դիազննության արդյունքում արդեն իսկ հանվել էին Լևոն Գուլյանի կենսական նշանակության որոշ օրգաններ: Դատախազությունը Գուլյանի մահվան փաստով քրեական գործ հարուցեց քրեական օրենսգրքի այն հոդվածի համաձայն, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում “անձին ինքնասպանության հասցնող գործողությունների” համար, ինչը ակնհայտորեն նեղացնում է հնարավոր հանցանքների շարքը, որ կարող էին ներառվել քննության մեջ: Մայիսի 16-ին ոստիկանությունը նաև սկսեց առանձին ծառայողական քննություն, և ըստ հաղորդումների դրա արդյունքում կարգապահական տույժեր կիրառվեցին ոստիկանության երկու աշխատակիցների հանդեպ:

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի գլխավոր դատախազի սպանությունից հետո մարդու իրավունքների ակտիվիստների ու լրատվամիջոցների կողմից եղել են բազմաթիվ հաղորդումներ սպանության այդ գործի քննության ընթացքում տեղ գտած ոստիկանական բռնությունների ու ահաբեկումների բազմաթիվ դրվագների մասին: Սեպտեմբերի 7-ին ոստիկանությունն անօրինական զենք պահելու համար ձերբակալեց “Բելիսիմո” ակումբի սեփականատեր Արմեն Դարբինյանին, որը ըստ հաղորդումների կասկածվում էր նաև հիշյալ սպանության մեջ: Դատախազության քննիչներն ըստ հաղորդումների ծեծի են ենթարկել ու վախեցրել այդ ակումբի հինգ աշխատակիցների` նրանցից ոմանց հարկադրելով առանց բովանդակությունը տեսնելու ստորագրել ցուցմունքներ: Ակումբի կառավարիչ Կարեն Դոդոյանը երեք օր պահվել է կալանքի տակ, իսկ ազատ արձակվելուց հետո ըստ նրա ընտանիքի նա տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցումով: Ակումբի մեկ այլ կառավարիչ` Աշոտ Ղուկասյանը նույնպես ծեծի է ենթարկվել ու կալանքի տակ է մնացել երկու օր: Մյուս աշխատողների հանդեպ եղել են բանավոր սպառնալիքներ: Սեպտեմբերի 13-ին գլխավոր դատախազի հրամանով բռնության այդ դեպքերով քննություն է սկսվել, սակայն տարեվերջի դրությամբ քննության կարգավիճակը դեռ պարզ չէր: Դարբինյանը ազատ է արձակվել հոկտեմբերի 24-ին:

Նոյեմբերի 13-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Արտավազդ Ա.-ին` կոտրելով վերջինիս ողերն ու պատճառելով այլ մարմնական վնասվածքներ: Պետության մարդու իրավունքների պաշտպանը, ով հաղորդել էր այս դեպքի մասին, այցելել է Արտավազդ Ա.-ին նոյեմբերի 29-ին, երբ վերջինիս փոխադրում էին հիվանդանոց “ուղեղի կաթված” ախտորոշմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ոստիկանության պետին` այս չարաշահման փաստով քննություն իրականացնելու պահանջով: Տարեվերջի դրությամբ գործի կարգավիճակը դեռ պարզ չէր:

Նոյեմբերի 20-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդեց նախորդ օրը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ կատարած այցի մասին` հանդիպելու մի կալանավորի, ով պնդում էր, թե հոկտեմբերի 5-ից 7-ը նախքան քրեակատարողական հիմնարկ իր փոխադրումը Երևանի Մաշտոց համայնքի ոստիկանության բաժանմունքում քրեական հետաքննության ծառայողները իրեն դաժան ծեծի են ենթարկել: Ըստ կալանավորի ծեծը շարունակվել է անգամ այն բանից հետո, երբ ինքը խոստովանել է իր կատարած գողությունը, քանի որ ոստիկաններն ուզում էին, որ ինքը խոստովանի նաև այլ չբացահայտված հանցանքներ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տեսան վնասվածքները, որոնք նաև գրանցված էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մատյանում: Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ոստիկանության պետին` պահանջելով ծառայողական քննություն իրականացնել` մեղավորներին բացահայտելու ու պատժելու նպատակով: Տարեվերջի դրությամբ գործի կարգավիճակը դեռ պարզ չէր:

Դեկտեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը (ԽԿՀ) հրապարակեց զեկույց 2006թ. ապրիլին Հայաստան կատարած իրենց այցի մասին: ԽԿՀ գնահատման մեջ նշվում էր, որ Հայաստանում ոստիկանության կողմից ազատությունից զրկված անձինք ենթակա են խոշտանգումների նշանակալի վտանգի:

2006թ. այցի ընթացքում ԽԿՀ պատվիրակությունը լսել է բազմաթիվ հայտարարություններ կալանքի տակ գտնվող անձանցից իրենց նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնությունների մասին: Այս կարգի հայտարարությունների մեծ մասն արվել է դատավարության սպասող կալանավորների կողմից (այդ թվում` կանայք և անչափահասներ), ովքեր վերջերս են եղել ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրերում: Նշված մեղադրանքները հիմնականում վերաբերում են ապտակներին, ձեռքով և ոտքով հարվածներին, մահակներով, փայտի կտորներով, աթոռի ոտքերով հասցված հարվածներին: Որոշ դեպքերում հիշատակվել են ներբանին հարվածներ հասցնելը կամ պոլիէթիլենային տոպրակով խեղդելը: Հիշատակված կոպիտ վերաբերմունքը գրեթե բացառապես տեղ է գտել ոստիկանության կողմից սկզբնական հարցաքննությունների ժամանակ` նպատակ ունենալով կորզել խոստովանություններ, ցուցմունքներ կամ այլ տեղեկություններ: Բացի այդ, պատվիրակության անդամների հետ ունեցած հարցազրույցներում որոշ անձինք (այդ թվում` կանայք և անչափահասներ) նշել են այնպիսի իրավիճակներ, երբ խոստովանություն ստանալու համար անթույլատրելի հոգեբանական ճնշում է գործադրվել նրանց վրա, մասնավորապես վիրավորանքների, նվաստացման, նրանց կամ նրանց ազգականների, ընկերների հանդեպ ֆիզիկական ուժ կամ սեռական բռնություններ կիրառելու սպառնալիքների տեսքով:

Զինված ուժերում տիրող բարքերն ու ոչ բավարար կենսապայմանները նպաստել են կոպիտ վերաբերմունքի դրսևորումներին ու ռազմական գործողությունների հետ կապ չունեցող վնասվածքների պատճառմանը: Չնայած բանակում ոչ-կանոնակարգային հարաբերությունների ամբողջական ծավալների մասին հուսալի տեղեկություններ չկան, սակայն զինվորները մարդու իրավունքների ոլորտի հասարակական կազմակերպություններին հաղորդել են, որ այդ երևույթը տարվա ընթացքում շարունակվել է: Զինվորների ծնողները հայտնել են, որ կոռումպացված պաշտոնյաներ վերահսկում են զորամասերը: Մարդու իրավունքների հարցերը դիտարկող այլ անձինք հաղորդել են այնպիսի դեպքերի մասին, երբ բանակ են զորակոչվել այնպիսի անձինք, ովքեր իրենց ունեցած առողջական լուրջ խնդիրների պատճառով պիտանի չեն եղել զինվորական ծառայության համար: Այս երևույթները սահմանափակելու ուղղությամբ իշխանությունները սահմանափակ միջոցներ են ձեռնարկել` տարվա ընթացքում ոչ-կանոնակարգային հարաբերությունների դրսևորման հետ կապված դատապարտելով 37 զինվորականնների:

Հուլիսի 7-ին վաշտի հրամանատար Գարիկ Միքայելյանը փորձ է արել էլեկտրահարման միջոցով վերջ տալ կյանքին: Ինքնասպանության փորձը չհաջողվեց, սակայն նրա երկու ձեռքերն անդամահատվեցին: Մարդու իրավունքների հարցերով մի խմբի հաղորդմամբ Միքայելյանի ինքնասպանության շարժառիթը զորամասի պետ Արտակ Գասպարյանի կողմից ոչ-կանոնակարգային հարաբերությունների դրսևորումներն են եղել: Դատախազները մատնանշեցին, որ կան ապացույցներ, որոնք հիմնավորում են այն փաստը, որ նա ենթարկվել է Միքայելյանին անմարդկային վերաբերմունքի: Տարեվերջի դրությամբ Գասպարյանը գտնվում էր բանտում` սպասելով դատավարությանը ինքնասպանությանը հասցնելու մեղադրանքով, իսկ գործի քննությունը շարունակվում էր:

2006թ. փետրվարին մի զինծառայող հայտնել էր, որ այլ զինծառայողներ բռնաբարել են իրեն հերթապահության ժամանակ: Տարեվերջի դրությամբ գործի կարգավիճակը դեռ պարզ չէր:

Տարեվերջի դրությամբ դեռ մնում էին մեղադրանքները երեք զինվորականների նկատմամբ, որոնք մեղադրվում էին 2003թ. երկու զինծառայողների սպանության մեջ. 2006թ. դեկտեմբերին կայացրած վճռով վճռաբեկ դատարանը չեղյալ էր հայտարարել այս երեքի համար սահմանված պատիժները: Սպանության այս գործի հիմքում զինվոր Ռազմիկ Սարգսյանի խոստովանությունն էր. վերջինս պնդում էր, որ սպանություններում ներգրավված լինելու մասին խոստովանել է այն բանից հետո, երբ ռազմական ոստիկանությունն ու զինվորական քննիչները հինգ օր անընդմեջ խոշտանգումների են ենթարկել նրան` կախել ձեռքերից, ծեծի ենթարկել, սպառնացել բռնաբարել նրան, եթե հրաժարվի խոստովանել: Սարգսյանի խոստովանությունը մատնացույց էր անում ևս երկու զինվորների ներգրավվածություն այդ հանցանքում, և 2005թ. մայիսին երեք զինվորն էլ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Անհաջող բողոքարկումից հետո վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30–ին վճիռ կայացրեց մեծացնել պատժաչափը` նրանց դատապարտելով ցմահ բանտարկության: 2006թ. դեկտեմբերին զինվորների համար սահմանված պատիժը վճռաբեկ դատարանի կողմից չեղյալ համարվեց այն հիմքով, որ գործի քննությունն օրինականորեն չի ընթացել. ապա դատարանը հրամայեց նրանց ազատ արձակել ու գործը ետ վերադարձնել` հետագա քննության: Քննությունն ավարտվել է, և տարվա վերջի դրությամբ երկու կողմերն էլ պատրաստվում էին դատավարությանը: Երեք մեղադրյալները մնում էին ազատության մեջ` սպասելով կրկնական քննության եզրակացությանը: Մինչ այդ, զինվորական դատախազը հաղորդել է, որ քրեական գործը Ռազմիկ Սարգսյանի հանդեպ քննիչների կողմից թույլ տրված խոշտանգումների վերաբերյալ փակվել է ապացույցների բացակայության հիմքով:

Բանտերի ու կալանավայրերի պայմանները

Բանտերի պայմանները մնացել են անբավարար ու բանտարկյալների առողջության համար ոչ բարենպաստ, չնայած կառավարության նախաձեռնությամբ ձևավորված բանտային պայմանների մոնիտորինգ իրականացնող հասարակական կազմակերպությունների Հասարակական դիտորդների խումբը (ՀԴԽ) հաղորդում է որոշակի դրական տեղաշարժերի մասին, քանի որ իշխանությունները սկսել են հին բանտերի վերանորոգման աշխատանքներ: Խցերը եղել են գերբնակեցված, բանտարկյալների մեծ մասն ապահովված չի եղել հիգիենայի տարրական պարագաներով, և խիստ անբավարար է մնացել սննդի որակը: ՀԴԽ-ի զեկույցում նշվում էր, որ բանտարկյալների համար բարձր է եղել տուբերկուլյոզով վարակվելու ռիսկը, իսկ մանկական գաղութներում գտնվող դեռահասները գրեթե չեն ստացել օրենքով պահանջվող կրթություն: ՀԴԽ հաղորդել է կրկնվող բնույթի այլ խնդիրների մասին, ինչպիսիք են տեսակցության իրավունքի մերժումը, բժշկական օգնության անտեսումը, իսկ որոշ դեպքերում՝ ֆիզիկական բռնությունները:

Ըստ դիտորդների` բանտարկյալների ու կալանավորների հանդեպ իրավապահների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել ոստիկանների գրասենյակներում և ոչ թե ոստիկանության կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայրերում, որտեղ մարդու իրավունքների մոնիտորինգ է իրականացվում: 2006թ. նոյեմբերի զեկույցում ԽԿՀ-ն անդրադառնձել էր այնպիսի դեպքերի հիշատակումների, երբ Երևանի ոստիկանական բաժանմունքներում կալանավորված անձինք մինչև տասն օր մնացել են առանց ներքնակի, վերմակի ու սննդի` օգտվելով միայն ազգականների բերած սննդամթերքից: Իսկ դեկտեմբերի զեկույցում ԽԿՀ-ն անդրադարձել է նախնական կալանքի վայրերում տեղ գտած դրական տեղաշարժերին արդեն վերանորոգված կամ 2006թ.-ին վերանորոգման ընթացքի մեջ գտնվող հաստատություններում: ԽԿՀ կողմից դիտարկված հաստատություններում կալանավորներն ապահովված են եղել սննդով, վերմակով ու ներքնակով: Այնուամենայնիվ, ԽԿՀ-ն թերություններ է նկատել Վանաձորի, Սիսիանի, Եղեգնաձորի ոստիկանական բաժանմունքներում, մասնավորապես` խցերի փոքր չափսերը, ցածր ջերմաստիճանը և տաք ջրի բացակայությունը:

Տարվա ընթացքում իշխանությունները նոր բանտ են բացել Վանաձորում ու ամբողջությամբ վերանորոգել են Արթիկի բանտը, դարձնելով այդ երկու հաստատությունները միջազգային չափանիշներին համապատասխան: 2006թ. վերջին ու 2007թ. սկզբին իշխանությունները փակեցին Գյումրու ու Վանաձորի բանտերը, որոնք համարվում էին երկու ամենավատերը:

Կոռուպցիան քրեակատարողական հիմնարկներում շարունակել է խնդրահարույց մնալ` սրվելով հատկապես բանտերի վարչական անձնակազմի ցածր աշխատավարձերի, աշխատանքային վատ իսկ երբեմն նաև վտանգավոր պայմանների, կադրերի սղության պատճառով: Որոշ քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները կաշառում են պաշտոնյաներին, որպեսզի տեղավորվեն մենախցերում, և ստանան հավելյալ հարմարություններ: Կան նաև չստուգված հաղորդումներ առ այն, որ իշխանությունների կողմից գանձվել են “ոչ պաշտոնական” վճարներ, որպեսզի ընտանիքի անդամներին կամ ընկերներին թույլ տան ուտելիք փոխանցել բանտարկյալներին: Որոշ քրեակատարողական հիմնարկներում դիտորդները նկատել են, որ բանտարկյալները դժվարություններ ունեն նամակների առաքման հետ կապված, իսկ որոշ հիմնարկների պաշտոնյաներ ընտանիքի անդամների հետ տեսակցության նորմալ պայմաններ չեն ապահովվում:

Չնայած 2001-2003թթ. ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկներն անցան Արդարադատության նախարարության ենթակայության ներքո, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է դե ֆակտո աշխատեցնել Երևան-Կենտրոն բանտը, որ տեղակայված է ԱԱԾ-ին պատկանող տարածքում. այդ հաստատությունը հաճախ օգտագործվում էր քաղաքական ուղղվածություն ունեցող գործերով նախնական կալանքի տակ գտնվող անձանց ու դատապարտված բանտարկյալներին պահելու համար: Եղել են հաղորդումներ առ այն, որ ԱԱԾ-ն հետևել է բանտարկյալների միջև կայացած, ինչպես նաև փաստաբանների հետ ունեցած զրույցներին:

Կառավարությունը թույլատրել է տեղական հասարակական կազմակերպություններին և միջազգային իրավապաշտպան խմբերին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիտարկել բանտային պայմանները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրվել է այցելել թե բանտեր, թե նախնական կալանքի կենտրոններ, ինչն էլ վերջինս իրականացրել է անհրաժեշտության ու նպատակահարմարության իր սկզբունքների համաձայն: Իշխանությունները շարունակել են թույլատրել ՀԴԽ-ի ներկայացուցիչներին առանց նախնական զգուշացման այցելել բանտեր: Հանրային դիտարկումների մեկ այլ խումբ դիտարկել է ոստիկանության կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայրերը:

դ) Կամայական ձերբակալություն կամ կալանավորում

Օրենքով արգելվում է կամայական ձերբակալումը և կալանավորումը, սակայն գործնականում իշխանությունները շարունակել են առանց կարգադրագրի ձերբակալել և կալանավորել քրեական գործերով կասկածյալներին:

Ոստիկանության և անվտանգության համակարգի դերը

Ազգային ոստիկանությունը պատասխանատու է ներքին անվտանգության համար, մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է ազգային անվտանգության, հետախուզական գործունեության, սահմանային հսկողության համար, երկու կառույցն էլ ուղղակիորեն հաշվետու են վարչապետին: Ոստիկանությունն ու ԱԱԾ շարունակում են չունենալ համապատասխան պատրաստվածություն, ռեսուրսներ և սահմանված ընթացակարգեր բարեփոխումների իրականացման կամ չարաշահումների դեպքերը կանխարգելելու համար: Բանտարկյալները հայտնել են, որ չարաշահումների մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ոստիկանության ու ԱԱԾ պաշտոնյաների կողմից շատ բան չի արվում: Դրա արդյունքում լուրջ խնդիր էր շարունակում մնալ անպատժելիությունը:

Ոստիկանության ու անվտանգության ծառայությունների համար շարունակել է զգալի խնդիր մնալ կոռուպցիան, սակայն բարեփոխման աշխատանքները շարունակվել են, հիմնականում` երթևեկության կարգավորման ու քրեական հետախուզության ասպարեզներում: Ոստիկանությունը շարունակել է իրականացնել 2006թ. նոյեմբերի ընթացակարգերը, որոնք ուղղված են ճանապարհներին առկա ոստիկանական հսկիչ կետերում կուռուպցիայի վերացմանը: Կառավարությունը նաև ճանապարհային երթևեկության հետ կապված տուգանքների վճարման նոր համակարգ է ներդրել, որպեսզի կրճատի կաշառքների հավանականությունը և տարվա ընթացքում նվազել է կաշառք վերցնելու հաճախականությունը:

Ոստիկանական չարաշահումների քննության առանձին մեխանիզմ չի եղել: Ըստ օրենսդրության քաղաքացիները կարող են ոստիկանության դեմ հայց հարուցել դատարանում: Կառավարության հաղորդմամբ տարվա ընթացքում քաղաքացիների կողմից ոստիկանության աշխատակիցների կողմից կալանքի տակ գտնվողների նկատմամբ վատ վերաբերմունքի համար դատարան է ներկայացվել չորս բողոք: Ոստիկանությունն այդ փաստերով ծառայողական քննություն է սկսել. տարեվերջի դրությամբ քննության կարգավիճակը դեռ պարզ չէր: Դատախազությունը կալանքի տակ գտնվող անձանց հանդեպ բռնության մեկ փաստով հարուցել է քրեական գործ, որը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր:

Կառավարության հաղորդմամբ ոստիկանությունը 16 ծառայողական քննություն է իրականացրել աշխատանքի մեջ գտնվող ոստիկանների վարքագծի հետ կապված: Քննությունների արդյունքների հիման վրա կառավարության հաղորդմամբ 23 ոստիկանի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր (20 հոգի 2006թ.), այս թվում` 21 հոգի հեռացվել են աշխատանքից: Դատախազությունը ծառայողական քննությունների արդյունքների հիման վրա հարուցել է 13 քրեական գործ, և ինը հոգի դատապարտվել են: Տարեվերջի դրությամբ չորս գործերի քննությունը դեռ շարունակվում էր:

Օրենսդրության համաձայն նախնական կալանքի տակ գտնվողները կարող են նախքան դատավարությունը բողոք ներկայացնել քննության ընթացքում տեղ գտած բռնությունների վերաբերյալ. այնուհանդերձ կալանքի տակ գտնվող անձինք պետք է ոստիկանությունից կամ դատախազությունից բժշկական փորձաքննության թույլտվություն ստանան, որն անհրաժեշտ է ֆիզիկական բռնության փաստը հաստատելու համար: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հայտնում են, որ իրավասու մարմինները հազվադեպ են այդպիսի թույլտվություն տալիս:

Տարվա ընթացքում կառավարությունն իրականացրեց վերակազմավորման մի խոշոր քայլ`գլխավոր դատախազությունից ոստիկանության տարբեր կառույցների փոխանցելով քրեական հետաքննությունների անցկացման գործառույթը: Տարեվերջի դրությամբ լրիվ դրույքով աշխատող 200 քրեական գործերի քննիչներ դատախազության համակարգից փոխադրվեցին ոստիկանության տարբեր կառույցներ: Այս փոփոխությունը նպատակ ուներ արդարադատության համակարգում բարելավել հավասարակշռման ու զսպման ինստիտուցիոնալ մեխանիզմները:

Մարտի սկզբին համայնքային ոստիկանության կենտրոնի փորձարարական ծրագիր մեկնարկեց Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունքում, որը նախաձեռնել էր Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Ծրագրի նպատակն է նպաստել ոստիկանության ու հասարակության համագործակցությանը:

2006 թ. օգոստոսին ոստիկանությունը “Փրոջեքթ Հարմոնի” միջազգային հասարակական կազմակերպության տեղական գրասենյակի օգնությամբ համայնքային արդարադատության կենտրոն էր բացել Վանաձոր քաղաքում: Կենտրոնը տարվա ընթացքում խորհրդատվություն էր առաջարկում առաջին անգամ հանցանք գործած անչափահասներին ու կազմակերպում էր տեղական ոստիկանության աշխատանքը հանրակրթական դպրոցների հետ՝ համայնքային ծրագրերով:

Ձերբակալություն և կալանք

Ձերբակալված կասկածյալին 72 ժամից ավել կալանքի տակ պահելու համար դատախազները և ոստիկանությունը պետք է դատավորից կարգադրագիր ստանան: Չնայած դատավորները հազվադեպ են մերժում ոստիկանության ձերբակալության կարգադրագրի հայտերը, երբեմն ոստիկանությունը ձերբակալություններ է կատարում առանց կարգադրագրի, այն հիմնավորմամբ, որ կալանավորվածները գործով անցնող վկաներ են, և ոչ կասկածյալներ: Համաձայն օրենքի կալանավորվածին պետք է մեղադրանք ներկայացնել կամ ազատ արձակել երեք օրվա ընթացքում, և այս ընթացակարգը սովորաբար գործնականում պահպանվել է. չնայած որոշ դեպքերում ոստիկանությունը շրջանցել է այս պահանջը` կասկածյալներին համարելով զուտ գործով անցնող վկաներ կամ պարզապես մարդիկ, որ “հրավիրվում են զրուցելու համար”: Օրենքը գրավի համակարգ է սահմանում, սակայն գործնականում դատարանները մեծամասամբ մերժում են գրավի հայտը՝ նախապատվությունը տալով կալանքին:

Օրենքը ոստիկանությունից պահանջում է տեղեկացնել կալանավորվածներին լռություն պահպանելու, հեռախոսազանգ կատարելու և ձերբակալության պահից սկսած մինչև մեղադրանք ներկայացնելը փաստաբան ունենալու իրավունքի մասին (ներառյալ պետության կողմից տրամադրված փաստաբան անվճարունակ կալանավորների համար): Գործնականում ոստիկանությունը միշտ չէ, որ առաջնորդվում է օրենքով: Ոստիկանությունը հաճախ առանց փաստաբանի ներկայության հարցաքննել ու ճնշում է գործադրել կալանավորների վրա` մեղադրական եզրակացությունից առաջ խոստովանություն կորզելու նպատակով: Երբեմն ոստիկանությունը սահմանափակել է ընտանիքի անդամների կամ փաստաբանների շփման հնարավորությունը կալանավորների հետ:

Խնդրահարույց է մնացել երկար նախադատավարական կալանքի հարցը: Ըստ օրենսդրության նախքան դատավարությունը կասկածյալը չի կարող պահվել կալանքի տակ 12 ամսից ավել, սակայն ոմանք երեք տարի և ավել պահվել են կալանքի տակ: Կառավարության տվյալներով տարվա ընթացքում կալանավայրերում գտնվող շուրջ 3532 անձանցից մոտ 691-ը եղել են նախնական կալանքի տակ գտնվողներ:

ե) Արդար հրապարակային դատավարության իրավունքի մերժում

Օրենքը սահմանում է անկախ դատական համակարգ. Չնայած 2006թ. ընթացքում ձեռնարկված կառուցվածքային փոփոխություններին, որոնք դեռ շարունակվում են ու հանգեցրել են դատական անկախության որոշակի մեծացման`դատարանները շարունակում են ենթարկվել գործադիր օղակի քաղաքական ճնշումներին, իսկ դատական կոռուպցիան մնում է լուրջ խնդիր:

Օրենքով սահմանվում է եռաստիճան դատական համակարգ. առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան և վճռաբեկ դատարան: Դատաքննությունը սկսվում է առաջին ատյանի դատարաններում, որոնց վճիռները կարող են բողոքարկվել վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Կա մասնագիտացված տնտեսական դատարան, որը տնտեսական բնույթի քաղաքացիական գործերի համար ծառայում է որպես առաջին ատյանի դատարան, ինչպես նաև վերաքննիչ դատարան: Իսկ սահմանադրական դատարանը որոշում է օրենսդրության սահմանադրականությունը, հաստատում է միջազգային համաձայնագրերը, լուծում ընտրությունների հետ կապված վեճերը:

2006թ. հուլիսին քաղաքացիներին օրենսդրությամբ իրավունք ընձեռվեց սահմանադրական դատարան բողոքներ ներկայացնել: Տարվա ընթացքում սահմանադրական դատարան են դիմել 1296 քաղաքացիներ, որոնց բողոքներից 60-ը ընդունվել են դատարանի վարույթ:

Արդարադատության խորհուրդը պատասխանատու է դատավորների թեկնածություններ առաջադրելու համար, իսկ դատավորներին նշանակում է Նախագահը, որն էլ շարունակում է խիստ ազդեցիկ դերակատարում ունենալ դատական համակարգի կադրային հարցերում: Արդարադատության խորհուրդը նաև առաջադրում է բոլոր երեք մակարդակների դատարանների ու առանձին պալատների նախագահների թեկնածությունը և կիրառում կարգապահական տույժեր դատավորների նկատմամբ` անհրաժեշտության դեպքում: Արդարադատության խորհրդի կազմում երկուական հոգի (իրավաբան-գիտնական) նշանակվում են Նախագահի ու Ազգային ժողովի կողմից, իսկ մնացած ինը անդամներն ընտրվում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ:

Հուլիսի 24-ին սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ քրեական գործերը լրացուցիչ քննության նպատակով ետ ուղարկելը հակասահմանադրական է. դատարանը նաև ուժը կորցրած ճանաչեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: Արդյունքում, դատավարությունը պետք է ավարտվի կամ արդարացմամբ, կամ մեղադրական վճռով` վերջ տալով “գործի լրացուցիչ քննության” պատրվակով մեղադրյալներին անորոշ ժամկետով անազատության մեջ պահելու գործելաոճին, երբ ներկայացվում են թույլ հիմնավորմամբ գործեր:

Հուլիսի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը դատավոր Պարգև Օհանյանի նախագահությամբ լիովին արդարացրեց ու ազատ արձակեց երկու գործարարների` “Ռոյալ Արմենիա” ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին ու գործադիր տնօրեն Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, կեղծիքի ու հարկերից խուսափելու մեջ: Գործարարները պնդում էին, որ Մաքսային ծառայությունը կոռումպացված է, ու ԱԱԾ-ի հետ միասին իրենց մեղսագրել են այդ գործը: Սեպտեմբերի 11-ին վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումն` ի պատասխան դատախազության բողոքարկման, ու երկու գործարարների նկատմամբ քրեական գործը վերսկսվեց, իսկ նրանցից մեկը կալանքի տակ վերցվեց: Նոյեմբերի 29-ին վերաքննիչ դատարանը ներկայացված մեղադրանքներով մեղավոր ճանաչեց գործարարներին` Գագիկ Հակոբյանին դատապարտելով վեց տարվա ազատազրկման, Արամ Ղազարյանին երկու տարվա ազատազրկման ու մեղադրյալների գույքի կեսի առգրավման: Այնուհանդերձ, դատարանը մասնավորեցրեց ֆինանսական փոխհատուցման չափը, ըստ որի պետությանը հասցված նյութական վնասի համար գործարարներից գանձվում էր 1.5 միլիոն ԱՄՆ դոլար (455 միլիոն ՀՀ դրամ ) և 556000 ԱՄՆ դոլար (167միլիոն ՀՀ դրամ) հօգուտ մասնավոր ընկերության` որպես վերջինիս պատճառած վնասի փոխհատուցում: Քանի որ Ղազարյանն արդեն մոտ երկու տարի գտնվում էր կալանքի տակ, ազատ արձակվեց դատարանի դահլիճից պատժի ժամկետի լրացման հիմքով, իսկ Հակոբյանի համար սահմանված պատժի ժամկետն էլ նույն հիմքով երկու տարով պակասեցվեց: Հոկտեմբերի 15-ին Արդարադատության խորհրդի առաջարկով Նախագահը դատավոր Օհանյանի նշանակումը դադարեցրեց` մի շարք քաղաքացիական ու քրեական գործերի դատաքննության ընթացքում թույլ տված խախտումների համար: Որոշ դիտորդներ կարծում են, որ Նախագահի այս քայլը պայմանավորված էր դատավոր Օհանյանի կողմից գործարարների արդարացման փաստով:

Հունիսի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց առաջին վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` նշելով, որ Միշա Հարությունյանի գործով խախտվել է արդար դատավարության նրա իրավունքը: 1999թ. զինված ուժերում ծառայելիս Հարությունյանը մեղադրվել է մեկ այլ զինծառայողի սպանության մեջ ու դատապարտվել 10-ը տարվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստեց, որ հայցվորն ու երկու վկաները պարտադրանքի ներքո են խոստովանել հանցանքը, ինչը հաստատվում էր նաև տեղական դատարանների կողմից այն փաստով, որ քննությամբ զբաղված ոստիկանները դատապարտվել էին բռնություններ կիրառելու համար:

Դատավարություն

Օրենքով ընդհանուր առմամբ պահանջվում է, որ դատական լսումները լինեն դռնբաց, սակայն կան բացառություններ, ներառյալ, երբ լսումների փակ լինելը բխում է “հանրության բարքերի”, պետական անվտանգության կամ “մասնակիցների անձնական կյանքի պաշտպանության” շահերից: Դատավարությունների ժամանակ չկան երդվյալ ատենակալներ: Առաջին ատյանի դատարանում դատավճիռ կայացնողը մեկ դատավոր է, իսկ մյուս դատարաններում՝ դատավորների խորհուրդ: Ամբաստանյալներն իրավունք ունեն և պարտավոր են ներկա գտնվել իրենց դատավարություններին, սակայն այստեղ ևս կան բազմաթիվ բացառություններ: Ամբաստանյալներն ունեն իրենց ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք, իսկ կառավարությունը պարտավոր է ամբաստանյալներին փաստաբան առաջարկել, եթե նրանք դա պահանջում են: Սակայն այս պարտավորությունը մարզերում՝ Երևանից դուրս, որտեղ չկան բավարար թվով փաստաբաններ, միշտ չէ որ հարգվել է: Ամբաստանյալները նաև հաճախ հրաժարվում են անվճար իրավական օգնությունից՝ հաշվի առնելով հանրային պաշտպանների ոչ որակյալ աշխատանքն ու առաջնորդվելով այն նկատառմամբ, որ հանրային պաշտպանները գաղտնի համաձայնության են գալիս դատախազների հետ:

Ամբաստանյալները կարող են պահանջել առերեսում վկաների հետ, ներկայացնել ապացույցներ. իրենք ու իրենց փաստաբանները կարող են ծանոթանալ գործի նյութերին նախքան դատավարությունը: Դատավճիռը բողոքարկելու իրավունք ունեն և մեղադրյալները, և մեղադրող կողմը: Դատավորները սովորաբար չեն մերժում գործին նախապատրաստվելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու ամբաստանյալների դիմումները: Օրենքով գործում է անմեղության կանխավարկածը. գործնականում այս դրույթին չեն հետևում:

2006թ. օգոստոսին հրապարակված դատական վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատարան ներկայացված գործերից արդարացման դատավճռով ավարտվում է այդ գործերի 1 տոկոսից էլ պակասը: Այս վիճակագրությունը սակայն չի արտացոլում այն բազմաթիվ գործերը, որոնք դատավորները ապացույցների անբավարարության պատճառով հետ են ուղարկում դատախազություն, իսկ այնտեղ այդ գործերը կարճվում են ու այլևս դատարան չեն ներկայացվում: Այսպիսով, տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ դատախազները փաստացիորեն տանուլ են տվել:

Եղել են տարածված հաղորդումներ առ այն, որ դատախազներն ու ոստիկանները կորզել են խոստովանություններ այնպիսի մեթոդներով, որոնք որոշ հասարակական կազմակերպություններ բնորոշում են որպես խոշտանգումներ: Դատապաշտպանները կարող են խոշտանգումների մասին ապացույցներ ներկայացնել, որպեսզի օրենքի խախտումներով ձեռք բերված խոստովանությունները չօգտագործվեն, սակայն ամբաստանյալները, նրանց փաստաբաններն ու հասարակական կազմակերպությունները հաճախ հայտնել են, որ դատավորները և դատախազները մերժել են ընդունել խոշտանգումների այդպիսի ապացույցներ դատական լսումներում, նույնիսկ երբ մեղավորները հայտնի էին:

Քաղաքական բանտարկյալներ ու կալանավորներ

2006թ. դեկտեմբերին իրավապահները ձերբակալեցին Հայ կամավորական դաշինք ընդդիմադիր խմբի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին “սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու հրապարակային կոչերի” ու անօրինականորեն զենք ու զինամթերք պահելու մեղադրանքով: Ըստ ԱԱԾ-ի Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները պլանավորում էին մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ ուժ կիրառել` քաղաքական զարգացումների վրա ներազդելու նպատակով: Մարդու իրավունքների հարցերով դիտորդները սա համարում էին քաղաքական դրդապատճառով ձերբակալություն` Քրեական օրենսգրքի հակասական հոդվածի կիրառմամբ, որի նպատակն էր մայիսյան ընտրություններից առաջ ահաբեկել ընդդիմությանը: Սեֆիլյանի ու Մալխասյանի դեմ որպես ապացույց կիրառվեցին դեկտեմբերին նորաթուխ Հայ կամավորական դաշինքի հիմնադիր նիստի ժամանակ հնչեցված ելույթները: Օգոստոսի 6-ին դատարանը Մալխասյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Դատարանը բռնությունների հրապարակային կոչերի մեղադրանքը Սեֆիլյանի մասով հիմնավորված չհամարեց ու նրան դատապարտեց 18 ամսվա ազատազրկման` անօրինական զենք պահելու համար: Թե ամբաստանյալները, թե մեղադրող կողմը բողոքարկեցին վճիռը, ընդ որում ամբաստանյալները շեշտադրում էին գործի քաղաքական բնույթը: Սեպտեմբերի 25-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց վճիռները:

Մայիսի 7-ին ԱԱԾ ձերբակալեց նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժման անդամ, Քաղաքացիական անհնազանդություն ընդդիմադիր շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին: Արզումանյանը, որին փողերի լվացման մեղադրանք էր ներկայացվում, իր ձերբակալությունը որակեց որպես քաղաքական ձերբակալություն ու ժխտում էր իրեն վերագրվող ցանկացած անօրինական գործողություն. նրան աջակցում էին մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպաններ: Ձերբակալության ժամանակ Արզումանյանի բնակարանից առգրավվել է ավելի քան 50000ԱՄՆ դոլար (15 միլիոն ՀՀ դրամ) կանխիկ գումար: Սեպտեմբերի 6-ին Արզումանյանը ստորագրությամբ ազատ արձակվեց. Տարեվերջի դրությամբ մեղադրանքները դեռ առկախ էին:

“Ժամանակ Երևան” ընդդիմադիր օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որ ձերբակալվել էր 2006թ. հունիսին փաստաթղթերի կեղծման ու զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, դեռ բանտում էր: Նա դատապարտվել էր 2006թ. սեպտեմբերին: Բաբաջանյանն ընդունում էր իր մեղավորությունը, սակայն շատերը կարծում էին, որ 4 տարվա ազատազրկումը սովորականից խիստ պատիժ էր, իսկ որոշ դիտորդների գնահատմամբ նա օրենքի ընտրողական կիրառման զոհ էր դարձել: Հունվարի 12-ին վերաքննիչ դատարանը մեղավոր ճանաչելու մասին վճիռն անփոփոխ թողեց, սակայն պատժաչափը նվազեցրեց վեց ամսով: Տարվա ընթացքում դատարանը երկու անգամ` օգոստոսին և դեկտեմբերին, մերժեց պայմանական ազատ արձակելու նրա դիմումները:

Քաղաքացիական դատավարություն ու դատական պաշտպանության միջոցներ

Նույն դատարաններում լսվում են և քաղաքացիական, և քրեական գործերը: Քաղաքացիները կարող են դիմել դատարաններ վնասի փոխհատուցման, մարդու իրավունքների ոտնահարման դադարեցման հայցերով, սակայն դատարանները լայնորեն ընկալվում են որպես կոռումպացված կառույց ու քաղաքացիական գործերի հնարավոր հայցվորները հաճախ հայց հարուցելուց առաջ քննության էին առնում այն հանգամանքը, թե ով ունի ավելի շատ ռեսուրսներ դատավորների վրա ներազդելու համար՝ իրենք, թե պատասխանողը: Քաղաքացիները կարող են նաև դիմումներ ու բողոքները ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իսկ 2006թ.-ից նրանք ստացան սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն այն դեպքերում, երբ հակված են կարծել, որ ոտնահարվում են իրենց սահմանադրական իրավունքները:

Տարվա ընթացքում Երևանի կենտրոնական հատվածում նոր պողոտայի ու մասնավոր կառուցապատման իրականացման նպատակով քանդված ավելի քան 100 տների բնակիչներից և ոչ մեկը դատարանում չշահեց գույքի օտարմանն ու վճարված փոխհատուցման չափին առնչվող որևէ հայց: Սահմանադրական դատարանի 2006 թ. ապրիլի որոշումը, որտեղ նշվում էր, որ այդ տների քանդումը թույլատրող կառավարության 2002թ. որոշումը հակասում էր սահմանադրությանը, որևէ լուծում չէր առաջարկում: Հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի այդպիսի գործի լուծում նախաձեռնեց. Չղլյանն ընդդեմ Հայաստանի գործով կառավարությունը համաձայնեց 150000 ԱՄՆ դոլար (45 միլիոն ՀՀ դրամ) փոխհատուցում վճարել, եթե հայցվորը հրաժարվեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցից:

զ) Կամայական միջամտություն անձի, բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի կամ նամակագրության գաղտնիության նկատմամբ

Սահմանադրությամբ արգելվում են չարտոնված խուզարկությունները և ամրագրվում է քաղաքացիների անձնական կյանքի և հաղորդակցման գաղտնիությունը, սակայն գործնականում իշխանությունները ոչ միշտ են հարգել այս իրավունքները:

Ըստ օրենքի իրավապահ մարմինները հեռախոսային խոսակցությունները լսելու կամ նամակագրությանը հետևելու թույլտվություն ստանալու համար պետք է հիմնավոր փաստարկներ ներկայացնեն դատավորին: Գործնականում օրենքը միշտ չէ որ հետևողականորեն կիրառվել է, իսկ որոշ դատավորներ կամայականորեն այդպիսի թույլտվություն են տվել:

Չնայած սահմանադրությամբ նախատեսվում են ազատ ինքնաարտահայտման ու մասնավոր խոսակցությունների գաղտնիության իրավունքներ` ապրիլին ռուսալեզու “Գոլոս Արմենիի” օրաթերթը երկու խմբագրական հրապարակեց, որտեղ մեջբերվում ու բացասական լույսի ներքո ներկայացվում էր ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և օտարերկրյա մի դիվանագետի խոսակցությունը: Խոսակցությունը գաղտնի ձայնագրվել էր: Հանրային Հ1 հեռուստատեսությունը առաջին խմբագրականը բառ առ բառ ներկայացրեց իր հիմնական լրատվական ծրագրում, իսկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հնարավորություն չտրվեց արձագանքել: Կառավարության իրավասու կառույցները հայտնեցին, որ քննություն կիրականացնեն, սակայն տարեվերջի դրությամբ այն դեռ արված չէր:

Երբեմն ոստիկանությունը հետևել է զորակոչի տարիքի տղամարդկանց, որպեսզի նրանք երկրից չհեռանան:

Հունիսի 22-ին Երևանի դատարանը դատախազությանը հանձնարարեց քննություն իրականացնել “Ժառանգություն” կուսակցության բողոքների հետ կապված, որոնք ի թիվս այլոց նշում էին նաև պետական կառույցների կողմից կուսակցության համակարգիչներ ներխուժելու հանգամանքը: Տարեվերջի դրությամբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր:

ՄԱՍ 2. ՀԱՐԳԱՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ա) Խոսքի և մամուլի ազատություն

Սահմանադրությամբ ամրագրվում է խոսքի և մամուլի ազատությունը, սակայն գործնականում կառավարությունն ընդհանուր առմամբ չի հարգել այս իրավունքները: Գրանցվել են բռնության, ահաբեկման ու ինքնագրաքննության դեպքեր մամուլում:

Օգոստոսի 18-ին չորրորդ Համահայկական խաղերի բացման ժամանակ Երևանում ոստիկանությունը թույլ չի տվել մի քանի քաղաքացիների կառավարությանը քննադատելու համար բանտում հայտնված մարդկանց ազատելու կոչ անող թռուցիկներ բաժանել խաղերի մասնակիցներին ու միջոցառմանը ներկա անձանց: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ոստիկանությունը կարճ ժամակավով կալանավորել և ավելի ուշ ազատ էր արձակել երեք հոգու, իսկ բաժանվելիք թռուցիկներն առգրավվել:

Ըստ հաղորդումների օգոստոսի 26-ին Համահայկական խաղերի փակման ժամանակ ոստիկանությունը խոչընդոտել է մայիսի 12-ին ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի ընտանիքի անդամների կողմից թռուցիկների տարածմանը: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ներկա ոստիկաններն առգրավեցին թռուցիկները` նշելով, որ դրանցում ոստիկանությանը հեղինակազրկող մեղադրանքներ կան ու սպառնացին ձերբակալել նրանց, ովքեր կամավոր չեն հանձնի թռուցիկները:

Հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը քրեական մեղադրանք ներկայացրեց երկու ընդդիմադիր թերթերի խմբագիրների` “Հայկական ժամանակի” խմբագիր Նիկոլ Փաշինյանին ու “Չորրորդ իշխանության” խմբագիր Շողեր Մաթևոսյանին: Նրանք երկուսն էլ մասնակցել էին հոկտեմբերի 23-ին կայացած ընդդիմության երթին, որը ցրվել էր ոստիկանության կողմից: Մեղադրանքներն էին. “խմբակային խուլիգանական արարք” և “բռնություն իշխանության ներկայացուցչի դեմ”: Տարեվերջի դրությամբ խմբագիրների նկատմամբ մեղադրանքները դեռ առկախ էին:

Ըստ հաղորդումների հոկտեմբերի 14-ին նախագահի թեկնածու ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի կառավարությանը քննադատող ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու անկախ Գալա հեռուստաընկերությունը դարձավ տարբեր պետական մարմինների ծավալուն ստուգումների թիրախ` նպատակ ունենալով փակել հեռուստակայանը կամ հաղորդումների բովանդակային մասը համահունչ դարձնել պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների բովանդակային մասին: Հոկտեմբերի 31-ին Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) սկսեց աուդիտ ընկերությունում` նախապես հոկտեմբերի 25-ին տրված հարցազրույցում նշելով, որ ընկերությունը խախտել է հարկային կանոնակարգերը: Նոյեմբերի 14-ին ՀՊԾ-ը մեղադրեց Գալա հեռուստաընկերությանը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 86000 ԱՄՆ դոլար (26 միլիոն ՀՀ դրամ) հարկերից խուսափելու մեջ: Գալա հեռուստաընկերության հիմնադիր “Չափ” ընկերությունը չընդունեց այդ մեղադրանքն ու հայտարարեց, որ աուդիտի արդյունքները քաղաքական շարժառիթներ ունեն: ՀՊԾ-ն աուդիտից հետո դիմեց տնտեսական դատարան` Գալա հեռուստաընկերության բանկային հաշիվներն ու ակտիվները սառեցնելու պահանջով: Պահանջը սկզբում չբավարարվեց, սակայն մեկ շաբաթ անց, երբ տնտեսական դատարանի հաղորդմամբ ՀՊԾ-ն ներկայացրեց պահանջը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, արգելանք դնելու թույլտվությունը տրվեց: Բացի այդ, ՀՊԾ-ը մեղադրեց Գալա հեռուստաընկերությանը իր հեռարձակումների համար պետությանը պատկանող հեռուստաաշտարակը անօրինականորեն օգտագործելու մեջ: Գյումրու քաղաքապետը դիմեց տնտեսական դատարան Գալա հեռուստաընկերության հաղորդակը աշտարակից հանելու հայցով: Գալա հեռուստաընկերությունը դիմեց տնտեսական դատարան` բողոքարկելով ՀՊԾ-ի աուդիտի արդյունքները: Գալա հեռուստաընկերության դեմ բոլոր գործերը տարեվերջի դրությամբ առկախ էին:

Նոյեմբերի 6-ին ՀՊԾ-ի կողմից Գալա հեռուստաընկերությունում աուդիտի անցկացման ժամանակ տեսուչներից մեկը հարձակում էր գործել աուդիտի ընթացքը տեսագրող օպերատորի վրա` փորձելով խեղդել նրան ու ձեռքից վերցնել տեսախցիկը: Օպերատորի բողոքելուց հետո ոստիկանությունը քննություն սկսեց այս գործով, սակայն նոյեմբերի 30-ին որոշվեց քրեական գործ չբացել: Դեկտեմբերի 24-ին Գալա հեռուստաընկերությունը դիմել է գլխավոր դատախազությանը` բողոքարկելու ոստիկանության այդ որոշումը:

Դեկտեմբերի 6-ին հարկային տեսուչներն առգրավեցին “Այլընտրանք” ընդդիմադիր քաղաքական շարժման պատվերով տպագրված հազարավոր թռուցիկներ, որոնք հայտարարում էին Երևանում դեկտեմբերի 8-ին կայանալիք ընդդիմադիր երթի մասին: Ըստ հաղորդումների ընդդիմադիր ակտիվիստ Արտակ Առաքելյանը վեց ժամ մնացել է կալանքի տակ և տուգանվել է 50 ԱՄՆ դոլարի (15000 դրամի) չափով այն բանի համար, որ թռուցիկների ծագումը հաստատող փաստաթղթեր չուներ: ՀՊԾ անձնակազմը ստուգել է նաև Վան Արյան տպագրատան հաշվապահական գրքերն ու կարճ ժամանակով բերման ենթարկել աշխատողներից մեկին:

Դեկտեմբերի 13-ին “Չորրորդ իշխանություն” ընդդիմադիր թերթի գրասենյակը ցնցվեց պայթյունից, որը թերթի գլխավոր խմբագիրը կապում է կառավարությանը քննադատող հրապարակումների հետ: Պայթուցիկ սարքը տեղադրված էր գրասենյակի մուտքի մոտ: Պայթյունը տեղի ունեցավ վաղ առավոտյան` վնասելով դուռն ու գրասենյակի կահույքի մի մասը: Պայթյունի ժամանակ գրասենյակում ոչ ոք չկար, քանի որ դա աշխատանքային օրը սկսելուց ժամեր առաջ էր եղել: Ոստիկանությունը այս փաստի կապակցությամբ քննություն է սկսել, որը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր:

2006 դեկտեմբերին իշխանությունները ձերբակալեցին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին քաղաքական հավաքի ժամանակ իրենց ունեցած ելույթների համար` պնդելով, թե վերջիններս պլանավորում էր հեղաշրջում:

Թերթերի մեծ մասը մասնավոր են, բացառությամբ պետական ֆինանսավորմամբ գործող “Հայաստանի Հանրապետություն” ու դրա ռուսալեզու տարբերակ “Ռեսպուբլիկա Արմենիա” թերթերի: Տպագիր լրատվամիջոցներն ակտիվորեն հետևել են լրատվությանը և առանց սահմանափակումների արտահայտել են տարբեր կարծիքներ, բայց ոչ մի թերթ ամբողջովին անկախ չի եղել տնտեսական կամ քաղաքական շահեր հետապնդող խմբերի կամ անհատների հովանավորչությունից:

Թերթերի փոքր տպաքանակի պատճառով հիմնականում մարդիկ նորություններ և տեղեկություններ են ստանում հեռուստատեսության և ռադիոյի միջոցով: Ամբողջ հանրապետությունում եղել են 14 ռադիոկայան և 42 հեռուստաընկերություն, որոնց մեծ մասը մասնավոր է: Մասնավոր հեռուստաալիքները հեռարձակել են լավ տեխնիկական որակի նորություններ. սակայն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների նորությունների բովանդակային որակը տարբեր է եղել: Կայանների մեծ մասը հանդիսացել են կառավարամետ քաղաքական գործիչների կամ ազդեցիկ գործարարների սեփականություն, որը եղել է լրագրողներին ինքնագրաքննության մղող գործոն: Ընդհանուր առմամբ, հեռարձակող մամուլը կառավարամետ գիծ է պահպանել: Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները խուսափել են կառավարությանը քննադատող խմբագրական մեկնաբանություններից ու լրատվությունից:

Երկրում գործող վերջին անկախ Ա1+ հեռուստակայանը տարեվերջի դրությամբ դեռ մնում էր առանց եթերային հաճախականության: Ա1+ հեռուստաընկերությունը եթերազրկվեց 2003թ., երբ կառավարությունը չեղյալ համարեց վերջինիս տրված հաճախականությունը, մի քայլ, որում շատ դիտորդները նկատեցին քաղաքական դրդապատճառներ: Ա1+ ընկերությունը, որ 2003թ. ի վեր հեռարձակման լիցենզիա ստանալու 12 անհաջող դիմում էր ներկայացրել, տարվա ընթացքում նոր դիմում չի ներկայացրել:

Մայիսի 12-ի ընտրություններին նախորդող 40-օրյա նախընտրական ժամանակահատվածում հեռարձակող լրատվամիջոցներն ավելի առատաձեռն էին ընդդիմադիր քաղաքական գործիչների լուսաբանմանը հատկացված ժամանակի հարցում, քան նախորդ տարիներին: Մի քանիսին հնարավորություն տրվեց եթերից ներկայացնել իրենց ծրագրերն ու դիրքորոշումները: Հանրային հեռուստատեսությունը պահպանել է օրենքի պահանջը` տրամադրել ընտրապայքարի մեջ մտած յուրաքանչյուր կողմին օրական երկու րոպե անվճար եթերաժամ, որորնք արվում էին առանց խմբագրական սահմանափակումների: Այնուհանդերձ, իր անցկացրած մամուլի մոնիտորինգի հիման վրա ԵԱՀԿ-ն հաղորդել է, որ հեռուստատեսությամբ մատուցվող առավել ընդգրկուն լուսաբանումը քննադատական մեկնաբանություններ չէր ներառում:

Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի կեսը, 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների նախաշեմին, TEAM հետազոտական կենտրոնը Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ու Երևանի մամուլի ակումբի հետ անցկացրել է հեռարձակվող լրատվամիջոցների մոնիտորինգ: Տարվա ընթացքում հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին երկու միջանկյալ զեկույց է հրատարակվել: Զեկույցը բացահայտում է նախագահական երկու թեկնածուների` վարչապետ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ խիստ կողմնակալ լուսաբանումների առկայությունը: Մասնավորապես` լայնորեն լուսաբանվել է վարչապետի պաշտոնեական գործունեությունը ` հիմնականում չեզոք կամ դրական լույսի ներքո, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերող լուսաբանումները մեծամասամբ բացասական լույսի ներքո են վերջինիս ներկայացրել, իսկ հազվադեպ դեպքերում դրանք չեզոք են եղել:

Միջազգային լրատվամիջոցները հիմնականում ազատ են գործել: Հուլիսին Հանրային ռադիոն տեղեկացրեց “Ազատություն” ռադիոկայանին, որ օտարերկրյա հեռարձակումների մասով նոր քաղաքականություն է որդեգրել ու այլևս օտարերկրյա ծրագրերի համար եթեր չի տրամադրելու: “Ազատություն” ռադիոկայանը հանրային ռադիոյի եթերով հեռարձակվող միակ օտարերկրյա ծրագիրն էր, ու նաև միակ ռադիոհեռարձակողը, որը ներկայացնում էր քննադատական տեսակետներ կառավարության վերաբերյալ: Ի վերջո, “Ազատություն” ռադիոկայանը ստորագրեց համաձայնագիր իր ծրագրերը մասնավոր ռադիոեթերով հեռարձակելու վերաբերյալ, որի սփռման շրջանակը երկրի մակարդակով ավելի փոքր էր, քան Հանրային ռադիոյինը:

Կեղծիքի ու խարդախության համար հունիսին Երևանի դատարանը լրագրող Գագիկ Շամշյանին դատապարտեց 30-ամսյա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով: Դատարանը նաև պահանջեց, որ նա վճարի 580 ԱՄՆ դոլար (200000 դրամ) մասնավոր հայցվորին: Սա եղավ մի միջադեպից հետո, երբ 2006թ. Շամշյանը հրապարակավ տեղի քաղաքական մի առաջնորդի ընտանիքի մասին մեղադրանքներ հնչեցրեց, որոնցից նա հետագայում հրաժարվեց ֆիզիկական հարձակումից հետո:

Ոստիկանությունը տարվա ընթացքում բռնացել է լրագրողներին: Մայիսի 9-ին, երբ ցրում էին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միավորող Իմփիչմենթ դաշինքի նախընտրական հանրահավաքը, ոստիկանները ուժ են կիրառել երկու լրագրողների հանդեպ. “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթից Ծովինար Նազարյանի և, մի շարք ընդդիմադիր թերթերի համար աշխատող արտահաստիքային լրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ: Ոստիկանությունը փորձ է արել առգրավել Շամշյանի տեսախցիկը, սակայն հանրահավաքի մասնակիցները դա թույլ չեն տվել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Նազարյանի վրա, որը փորձում էր նկարահանել ոստիկանական գործողություններըը:

Հոկտեմբերի 25-ին “Չորրորդ իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցումով, որն ըստ հաղորդումների ստացել էր հոկտեմբերի 23-ի երթը ցրելու ժամանակ, երբ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ ու մահակներ:

Տարվա ընթացքում եղել են լրագրողների նկատմամբ ոտնձգությունների ու ահաբեկման փաստեր անհայտ անձանց կողմից:

Հունվարին անհայտ անձինք հրկիզել են “Ֆուտբոլ պլյուս” շաբաթաթերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի ավտոմեքենան: Հրկիզման նմանատիպ մի փորձ էլ եղել էր 2006թ. փետրվարին, երբ Բաղդասարյանը անդրադարձել էր այն հանգամանքին, որ Հայաստանի թիմը հրաժարվել էր խաղալ Ադրբեջանի թիմի հետ: Ոստիկանությունը անմիջապես քննություն սկսեց, սակայն տարեվերջի դրությամբ հրկիզողները դեռ չէին հայտնաբերվել:

Փետրվարի 8-ին անհայտ անձինք հրկիզել են Panorama.am ինտերնետային լրատվականի տնօրեն ու “Իմ իրավունք” շաբաթաթերթի խմբագիր Արա Սաղաթելյանի մեքենան: Տարեվերջի դրությամբ ոստիկանության քննությունը դեռ շարունակվում էր:

Սեպտեմբերի 15-ին երկու անհայտ հանցագործներ հարձակվել են “Իսկական իրավունք” ընդդիմադիր թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա ու մետաղյա ձողերով ծեծել նրան. Գալաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գլխավոր դատախազությունը այս փաստով անհապաղ քննություն է սկսել, սակայն տարեվերջի դրությամբ գործով նոր զարգացումներ չկային: Գալաջյանը նմանատիպ հարձակման զոհ էր դարձել 2006թ. սեպտեմբերին, սակայն մեղավորներն այդպես էլ չեն հայտնաբերվել կամ ձերբակալվել:

“Ժամանակ Երևան” ընդդիմադիր օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որը դատապատվել էր 2006թ. սեպտեմբերին փաստաթղթերի կեղծման ու զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, դեռ բանտում էր: Բաբաջանյանն ընդունում էր իր մեղավորությունը, սակայն շատերը կարծում էին, որ 4 տարվա ազատազրկումը սովորականից խիստ պատիժ էր, իսկ որոշ դիտորդների գնահատմամբ նա օրենքի ընտրողական կիրառման զոհ էր դարձել: Հունվարի 12-ին վերաքննիչ դատարանը մեղավոր ճանաչելու մասին վճիռն անփոփոխ թողեց, սակայն պատժաչափը նվազեցրեց վեց ամսով: Տարվա ընթացքում դատարանը երկու անգամ` օգոստոսին և դեկտեմբերին, մերժել է պայմանական ազատ արձակելու նրա դիմումները:

Ինտերնետի ազատություն

Կառավարությունը չի սահմանափակել ինտերնետից օգտվելու հնարավորությունը, չեն եղել հաղորդումներ այն մասին , որ կառավարությունը հսկել է էլեկտրոնային փոստը կամ ինտերնետային ճեպազրույցները: Անհատներն ու խմբերը կարողացել են խաղաղ կերպով արտահայտել իրենց տեսակետները ինտերնետով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով: Քաղաքներում կան բազմաթիվ ինտերնետ–սրճարաններ, չնայած տեղական ինտերնետ ծառայության մատուցման կապը նորմալ օգտվելու համար հաճախ շատ դանդաղ է:

Ուսումնակրթական ազատություն ու մշակութային միջոցառումներ

Ընդհանուր առմամբ, ուսումնակրթական ազատության ու մշակութային միջոցառումների մասով սահմանափակումներ կառավարության կողմից չեն եղել: Այնուհանդերձ, մարտի 15-ին Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է դասախոս Սասուն Սարիբեկյանին իբր դասախոսությունների ընթացքում իշխանություններին քննադատելու ու ընդդիմադիր մի գործչի հետ ուսանողների հանդիպումը կազմակերպելու պատճառով:

բ) Խաղաղ հավաքներ կազմակերպելու ու միավորումներ կազմելու ազատություն

Հավաքներ կազմակերպելու ազատություն

Հավաքներ կազմակերպելու ազատությունն ամրագրված է սահմանադրությամբ, բայց գործնականում եղել են այս իրավունքի որոշ սահմանափակումներ: Հավաք կամ ցույց կազմակերպելու համար կազմակերպիչներից չի պահանջվում կառավարությունից թույլատվություն ստանալ, բայց այսպիսի միջոցառումներ պլանավորելիս պետք է նախօրոք տեղյակ պահել իշխանություններին: Քաղաքական կուսակցությունները ընդհանուր առմամբ կարողացել են ազատ հավաքներ կազմակերպել Երևանում խորհրդարանական ընտրությունների ու նախագահական քարոզարշավի ժամանակահատվածներում, սակայն որոշ դեպքերում տեղական իշխանությունները մերժել են թույլատրել հանրահավաքները: Կան նաև վայրեր, ինչպիսիք են օրինակ ռազմական օբյեկտները կամ էներգաարտադրության կարևոր վայրերը, որտեղ առանց թույլտվության չի կարելի ցույց կազմակերպել: Օրենքը հնարավորություն է տալիս ոստիկանությանը ցրել անօրինական հանրահավաքները և ցույցերը, հատկապես եթե դրանք խրախուսում են բռնությունն ու կառավարության տապալումը:

Մայիսի 9-ին ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրեց ԱԱԾ շենքի դիմաց ընդդիմադիր ուժերի չարտոնված հանրահավաքը. ականատեսների պնդմամբ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու մահակներ: Ընդդիմության շարքերից որոշ ականատեսներ փաստում են, որ ոստիկանության ուժային միջամտությունը եղել է կարճատև, ու ոստիկանության ավագ պաշտոնյաները շուտափույթ բանակցություններ են սկսել ընդդիմության առաջնորդների հետ` հարցը խաղաղ կարգավորելու համար:

Հոկտեմբերի 23-ին ոստիկանությունը ուժի ու արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել է ընդդիմության երթը` բերման ենթարկելով տասներկու ակտիվիստների, որոնք բարձրախոսով հայտարարում էին ի սատարումն Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպվող ընդդիմության հանրահավաքի օրը:

Եղել են հաղորդումներ, որ կառավարությունը խոչընդոտել է քաղաքական կուսակցությունների ժողովներին, ու ճնշում է գործադրել ժողովների անցկացման վայրերի սեփականատերերի նկատմամբ, որպեսզի նրանք հեռացնեն ընդդիմադիր ուժերին այդ վայրերից: Որոշ ընդդիմադիր կուսակցությունների հաղորդումների համաձայն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում տեղական իշխանությունները խոչընդոտներ են ստեղծել մարզերում քաղաքական հավաքների անցկացման համար, այդ թվում հորդորելով մարդկանց չմասնակցել այդ միջոցառումներին կամ հոսանքազրկելով հանդիպումների անցկացման դահլիճները:

Միավորումներ կազմելու ազատություն

Միավորումներ կազմելու ազատությունն ամրագրված է սահմանադրությամբ, և ընդհանուր առմամբ կառավարությունը գործնականում հարգել է այն: Այնուամենայնիվ, բոլոր քաղաքական կուսակցությունների, միությունների, աշխարհիկ և կրոնական կազմակերպությունների գրանցման պահանջները շարունակել են մնալ ծավալուն ու ճնշող: Օրենքով սահմանվում է, որ քաղաքացիները, բացառությամբ զինված ուժերի և իրավապահ մարմինների ծառայողների, իրավունք ունեն կազմելու միություններ, ներառյալ` քաղաքական կուսակցություններ և արհմիություններ:

գ) Կրոնի ազատություն

Կրոնի ազատությունն ամրագրված է օրենքով, սակայն գործնականում նկատվել են որոշ սահմանափակումներ: Հայ առաքելական եկեղեցին համարվում է ազգային եկեղեցի և ունի մի շարք արտոնություններ, որոնք չեն գործում այլ հավատքների համար: Օրենքը չի պարտադրում հասարակական կազմակերպությունների, այդ թվում կրոնական խմբերի գրանցում: Սակայն միայն գրանցված կառույցներն են, որ ունեն իրավական կարգավիճակ և կարող են հրապարակել թերթեր կամ ամսագրեր ավելի քան 1000 տպաքանակով, վարձակալել հանդիպման վայրեր, հեռարձակել հաղորդումներ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, կամ պաշտոնապես հովանավորել օտարերկրյա այցելուներին վիզաների տրամադրման հարցում. այնուամենայնիվ անհատ անդամների կողմից այս կարգի գործունեության որևէ արգելք չկա: Կառավարության կողմից կրոնական խմբի գրանցումը մերժելու դեպքեր չեն գրանցվել: Օրենքը պահանջում է, որ բոլոր կրոնական կազմակերպությունները, բացառությամբ Հայ առաքելական եկեղեցու, հասարակական վայրերում կրոնական գործունեություն ծավալելու համար նախնական թույլտվություն ստանան:

Օրենքն արգելում է, սակայն չի սահմանում “հոգեորսությունը”. օրենքը արգելում է նաև Հայաստանից դուրս կենտրոններ ունեցող եկեղեցիների օտարերկրյա ֆինանսավորումը, սակայն այս երկու սահմանափակումներն էլ գործնականում չեն կիրառվում:

Տարվա ընթացքում Եհովայի վկաները հաղորդել են, որ երկու անգամ մաքսային խնդիրների պատճառով չեն կարողացել ստանալ առաքված կրոնական գրականությունը: Մարտի 29-ին մաքսային պաշտոնյաները Երևանում վերագնահատել են Եհովայի վկաների կրոնական պարբերականների խմբաքանակի արժեքը զգալիորեն ավելի բարձր արժեքով, քան խումբն ակնկալում էր, ինչն էլ ֆինանսապես դժվարացրել է դրանց մաքսազերծումը: Մաքսային պաշտոնյաների պնդմամբ վերագնահատումը կատարվել է մաքսային օրենսգրքի պահանջներին համաձայն, որը չի նախատեսում հատուկ դրույթ անվճար կամ ցածր գնով բաշխվող կրոնական կամ այլ տեսակի գրականության համար: Ի վիճակի չլինելով կարգավորել այս հարցը` Եհովայի վկաները հունիսին թույլտվություն ստացան առաջին խմբաքանակը Եվրոպա ետ վերադարձնելու վերաբերյալ: Նույն ամսում ստացվեց նաև երկրորդ խմբաքանակը, որը տարեվերջի դրությամբ դեռ մաքսազերծված չէր` կրկին բարձր մաքսատուրքերի պատճառով: Եհովայի վկաները հայտնում են, որ այցելել են մաքսային պաշտոնյաներին ու տարբեր պետական կառույցներին գրություններ են ուղարկել ապրանքի խմբաքանակը բաց թողնելու հարցով, սակայն ապարդյուն:

Չնայած երկրի օրենսդրությամբ դավանական նկատառումներով զինծառայությունից խուսափողներն իրավունք ունեն անցնել այլընտրանքային ծառայություն, սակայն այլընտրանքային ծառայության նկատմամբ հսկողությունը իրականացնում են զինծառայողները: Այս իսկ պատճառով Եհովայի վկաների անդամները հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից: 2005թ. ի վեր այլընտրանքային ծառայության դիմումներ չեն ներկայացվել: Ըստ Եհովայի վկաների փաստաբանների տարեվերջի դրությամբ Եհովայի վկաների 70 անդամներ գտնվել են կալանքի տակ, որոնցից 67–ը կրել են սահմանված պատիժը, իսկ 3-ը սպասել են դատավարությանը. ևս հինգ հոգի ստացել են պայմանական ազատազրկում:

Հոկտեմբերի վերջին Եհովայի վկաները հաղորդել են, որ դավանական նկատառումներով զինծառայությունից խուսափողները շարունակել են պատիժը կրելուց հետո իրավական փաստաթղթերի ստացման հետ կապված դժվարություններ ունենալ: Չնայած տարվա ընթացքում 10 հոգի կարողացել են ստանալ համապատասխան փաստաթղթեր (անձնագիր, գրանցում ու զինվորական գրքույկ), ավելի քան 60 հոգի չէին կարողանում ստանալ այդ փաստաթղթերը` ի հեճուկս իշխանություններին ներկայացրած իրենց բողոքների: Այս փաստաթղթերը կարևոր են աշխատանքի տեղավորման ու բնակության հասցեի գրանցման համար:

Չարաշահումներ և խտրականություն հասարակության կողմից

Փոքրամասնական կրոնների հանդեպ հասարակության մոտեցումները հիմնականում անորոշ են: Հեռուստաընկերություններն իրենց եթերում քամահրանքով որոշ հարանվանություններ պիտակավորում են որպես “աղանդներ” ու բացասական հաղորդումներ են հեռարձակում դրանց մասին:

Համաձայն դիտորդների՝ ընդհանուր բնակչությունը ոչ-ավանդական կրոնական խմբերին մոտենում է կասկածանքով և բացասաբար է արտահայտվում Եհովայի վկաների մասին, որովհետև ճիշտ չեն ընկալվում կրոնը տարածելու նրանց գործունեությունը ու բանակում ծառայելուց հրաժարվելը: Եհովայի վկաները շարունակել են պարբերաբար զգալ հասարակական խտրականություն:

Հոկտեմբերին Եհովայի վկաների կողմից հաղորդում եղավ “Մեկ ազգ” անվանումով խմբի կողմից Երևանում իրենց եկեղեցին մերժելու մասին շարունակաբար պաստառներ փակցնելու վերաբերյալ: Պաստառները պարբերաբար նորացվում էին:

Հունիսի 1-ին Եհովայի վկաների երկու անդամ Լուսառատ գյուղում հարձակման են ենթարկվել այդ տեղով անցնող հայկական եկեղեցու քահանայի կողմից ու արժանացել վերջինիս լուտանքներին: Հարձակման ենթարկված անձինք համաձայնել են իրենց բողոքը ետ վերցնել, եթե քահանան ներողություն խնդրի, որն այդպես էլ տեղի չունեցավ: Ոստիկանությունը ապացույցների բացակայության հիմքով գործը կարճեց այն բանից հետո, երբ քահանան ժխտեց այդ միջադեպի փաստը:

Հուլիսի 31-ին Երևանում աշխատանքի մեջ չգտնվող ոստիկանական մայորն ու նրա եղբայրը ծեծի են ենթարկել Եհովայի վկա ամուսինների: Անցնող մեքենայի մի վարորդ և այլ անցորդներ դադարեցրել են ծեծը: Ամուսինները բողոք են ներկայացրել ոստիկանությանը, դատախազությանը ու մարդու իրավունքների պաշտպանին:

Հրեական համայնքի առաջնորդները հաշվարկել են, որ երկրի հրեական համայնքը կազմում է 500-1000 մարդ: Կա մշտական րաբբի ու մեկ սինագոգ: Հրեական համայնքն ընկալվում է որպես հասարակության անբաժանելի մասնիկ: Դեկտեմբերի 17-ին հրեական համայնքի անդամները 14 ամիս առաջ բացված հայ-հրեական ողբերգությունների հուշակոթողի հրեական հատվածում նկատել են կեռախաչի փոքր պատկեր:

Առավել մանրամասների համար տես՝ 2007թ. Միջազգային կրոնական ազատության մասին զեկույցը:

գ) Տեղաշարժվելու ազատություն, ներքին տեղահանված անձինք, փախստականների պաշտպանություն և քաղաքացիություն չունեցող անձինք

Չնայած օրենքով ապահովվում է երկրի ներսում տեղաշարժվելու, արտասահմանյան ուղևորությունների, արտագաղթի և հայրենադարձության ազատությունը, սակայն գործնականում որոշ սահմանափակումներ են եղել: Փախստականներին ու ապաստան հայցողներին պաշտպանելու ու աջակցելու նպատակով կառավարությունը համագործակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (UNHCR) և մարդասիրական կազմակերպությունների հետ:

Կոռուպցիան և անարդյունավետ բյուրոկրատիան շարունակել են խանգարել քաղաքացիների կողմից իրենց կացության, ներառյալ փաստացի բնակության վայրի փոփոխությունների գրանցմանը: Ժամանակավոր կամ մշտապես երկրից հեռանալու համար քաղաքացիները պետք է ելքի վիզա ձեռք բերեն: Ելքի վիզայի արժեքն է մոտ 3 ԱՄՆ դոլար (1000 դրամ) յուրաքանչյուր տարվա համար: Ելքի վիզա կարելի է ձեռք բերել նաև հետո: Պաշտոնապես այն տրամադրվում է 10-օրյա ժամկետում, բայց պաշտոնյաները սովորաբար համաձայնում են մոտ 29 դոլար (10000 դրամ) կաշառքի դիմաց ավելի շուտ տալ այն: Համապատասխան վիզա չունեցող, բայց երկրից դուրս գալ փորձող քաղաքացիներին թույլ չի տրվել լքել երկիրը:

Ելքի վիզայի հարցն ավելի դժվար է այն անձանց համար, ովքեր մշտապես են մեկնում երկրից: Գրանցող կառույցը նրանց պետք է հաշվառումից հանի, ինչը ենթադրում է հարցումների ուղարկում տարբեր գերատեսչություններ՝ պարզելու տվյալ քաղաքացու չկատարված պարտավորություններն ու պարտքերը: Այս գործընթացը սովորաբար տևում է մի քանի ամիս, ու ըստ քաղաքացիների իշխանությունները հաշվառումից հանելու գործընթացն օգտագործում են կաշառքներ կորզելու համար, որոնց չափն հասնում է հարյուրավոր դոլարների: Երկրից հեռանալու թույլտվություն կարող է չտրվել այն անձանց, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, զինապարտ են, ներգրավված են ընթացիկ դատական գործերում կամ ունեն ֆինանսական պարտավորություններ: Զորակոչային տարիքի տղամարդիկ, որոնք չեն ծառայել բանակում, պետք է լրջագույն բյուրոկրատական արգելքներ հաղթահարեն արտասահման ճանապարհորդելու համար, ներառյալ` փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ և ելքի կնիքի համար կաշառքների շորթում:

Օրենքը չի արգելում հարկադիր աքսորը, բայց կառավարության կողմից դրա կիրառման վերաբերյալ հաղորդումներ չեն եղել:

Ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ)

Փախստականների նորվեգական խորհուրդը 2005թ. հրապարակած ուսումնասիրությամբ պարզել է, որ Հայաստանում բնակվող ներքին տեղահանված անձանց թիվը կազմում է 8.399 հոգի: Փախստականների նորվեգական խորհուրդը հաստատում է, որ այդ ժամանակվանից ի վեր այս թիվը զգալի փոփոխություններ չի կրել:

Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում կառավարությունը սահմանային գոտիներից տարհանել է մոտավորապես 65 հազար տնային տնտեսություն, բայց մեծամասնությունը վերադարձել են իրենց բնակավայրերը կամ բնակություն է հաստատել այլ վայրերում: Մնացած 8,399 ՆՏԱ-ներից մոտ երկու երրորդը չէին կարող վերադառնալ իրենց գյուղերը, քանի որ դրանք շրջապատված են ադրբեջանական տարածքներով: Մյուսները նախընտրում են չվերադառնալ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, կամ վախենում են ականապատ դաշտերից: Կառավարությունը ՆՏԱ-ներին ընձեռել է քաղաքացու բոլոր իրավունքները, բայց նրանց ինտեգրմանը աջակցելու համար ուղղակի ծրագրեր չի իրականացրել: Այս հարցում նրանց օգնել են միջազգային կազմակերպությունները:

Փախստականների պաշտպանություն

Օրենքով նախատեսվում է անձանց փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակի տրամադրում համաձայն 1951թ. ՄԱԿ-ի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի և դրա 1967թ. արձանագրության, և կառավարությունը ստեղծել է փախստականներին պաշտպանություն տրամադրելու համակարգ: Տարվա ընթացքում կառավարությունը շնորհել է փախստականի կարգավիճակ ու ապաստան: Գործնականում կառավարությունն հիմնականում ապահովել է այլ երկրներում հալածվելու պատճառով ապաստան հայցողների պաշտպանությունը, մասնավորապես այն, որ նրանք չեն վերադարձվել այդ երկրներ, որտեղ հիմքեր կան կարծելու, որ նրանց հալածում են: Տարվա ընթացքում կառավարությունը ժամանակավոր պաշտպանություն է ապահովել այն մարդկանց, ովքեր չեն կարող որակվել որպես փախստական ըստ 1951թ. կոնվենցիայի և 1967թ. արձանագրության:

Տարվա ընթացքում ապաստանի համար դիմել են 266 հոգի, և կառավարությունը 164 հոգու շնորհել է ժամանակավոր ապաստան և մեկ հոգու էլ փախստականի կարգավիճակ: Մնացած գործերը տարեվերջի դրությամբ դեռ ուսումնասիրվում էին:

Կառավարությունը համագործակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ`աջակցելու փախստականներին և ապաստան հայցողներին:

Ապաստան տրամադրելու համար գործում է սահմանված ընթացակարգ, որը ներառում է ապաստան հայցողին անօրինական մուտքի համար պատժի չենթարկելը և ապաստան հայցողի մուտքին վերաբերող հարցերը: Սակայն անփորձ սահմանապահների հաճախակի ռոտացիան և ապաստանի հարցերի վերաբերյալ ոչ խորը իմացությունը երբեմն օդանավակայաններում և ցամաքային սահմանակետերում փախստականների ձևակերպման ձգձգումների ու դժվարությունների տեղիք էին տալիս: Միջազգային կազմակերպությունները նշում էին, որ ռուսական սահմանապահները, Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին, ինչպես նաև Երևանի հիմնական միջազգային օդանավակայանում առաջինն առնչվելով ապաստան հայցողներին, հաճախ մերժել են նրանց մուտքը՝ առանց այդ մասին հայտնելու կառավարությանն ու ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարին: Այնուհանդերձ, երկկողմ համաձայնագրի համաձայն գործող ռուս սահմանապահների թիվը Երևանի օդանավակայանում տարվա ընթացքում աստիճանաբար նվազել է:

ՄԱՍ 3. Հարգանք քաղաքական իրավունքների նկատմամբ. իշխանափոխություն կատարելու քաղաքացիների իրավունքը

Չնայած օրենքով քաղաքացիներին տրված է խաղաղ եղանակով իշխանափոխություն կատարելու իրավունք, գործնականում այս իրավունքը սահմանափակվել է ընտրությունների անցկացման ժամանակ կրկնվող խախտումների պատճառով:

Ընտրություններ և քաղաքական մասնակցություն

Մայիսի 12-ին կայացան Ազգային ժողովի ընտրությունները: ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրական դիտորդական առաքելությունը նշեց, որ ընտրությունները դրական տեղաշարժ են արձանագրել և անցկացվել են մեծապես միջազգային չափանիշների համաձայն, չնայած դեռևս կային թերություններ: Թեև իշխանությունները ձեռնարկեցին նախկինում գրանցված մի շարք թերությունները շտկելու քայլեր, որոշ այլ հարցեր բավարար կերպով չլուծվեցին, մասնավորապես ընտրական քարոզարշավի անցկացման ընթացակարգային կարգավորման, քվեների հաշվարկման ու արդյունքների ամփոփման ընթացքում ընտրական հանձնաժողովների գործունեության հարցերը:

Հոկտեմբերին կառավարության համապատասխան կառույցները լայնամասշտաբ հարկային ու մաքսային ստուգումներ սկսեցին հայ խոշոր գործարար, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող տնտեսավարող սուբյեկտներում այն բանից հետո, երբ Սուքիասյանը հոկտեմբերին հրապ