Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  
Ազատության ու ժողովրդավարության խթանման զեկույց 2008թ.
ՀԱՅԱՍՏԱՆ

Մաս 1

Հայաստանը սահմանադրական հանրապետություն է`ժողովրդի քվեների մեծամասնությամբ ընտրվող նախագահով ու միապալատ օրենսդիր կառույցով (Ազգային ժողով): 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններն ընթացան նշանակալի խախտումներով: Տեղ գտած խնդիրները ներառում էին կառավարության թեկնածուի նկատմամբ առավել բարենպաստ վերաբերմունքի դրսևորում, քվեատուփերի լցոնման, քվեների գնման , բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, հանձնաժողովների ընդդիմադիր անդամների ու ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց հանդեպ բռնության դեպքեր և մասնակցության կասկածելիորեն բարձր ցուցանիշներ: 2008թ. մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց ու ցուցարարների ստվար կուտակումները ցրելու համար ուժ կիրառեց` սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ կազմակերպելու իրավունքը և ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն 10 հոգի զոհվեցին: Արտակարգ դրությունը մարտի 20-ին վերացվեց, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնացին ուժի մեջ`հանրահավաքների անցկացման հետ կապված նոր օրենքի խիստ պահանջների, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշման ու կառավարությանն ընդդիմադիր անձանց շարունակվող ձերբակալությունների ու ահաբեկման պատճառով: Մարդու իրավունքների ոլորտում կառավարության գործունեությունը շարունակել է մնալ անբավարար: Երկրի քաղաքացիները չեն կարողացել ազատորեն փոխել իրենց իշխանություններին. իշխանությունները ծեծի են ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին, ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության ուժերը գործել են անպատժելիորեն. կատարվել են կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ. դատարանների նկատմամբ շարունակվել են իշխանության գործադիր ճյուղի քաղաքական ճնշումները. բանտերը եղել են ծանրաբեռնված ու անառողջ պայմաններով, չնայած կամաց–կամաց բարելավվում են. իշխանությունների կողմից եղել են սահմանափակումներ քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության, մամուլի ազատության ու հանրահավաքների ազատության մասով: Լրագրողները շարունակել են զբաղվել են ինքնագրաքննությամբ, իսկ կառավարությունն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Դեռ խնդրահարույց են եղել բռնությունները կանանց նկատմամբ, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգը, հաշմանդամների նկատմամբ խտրականությունը և համասեռամոլների նկատմամբ ոտնձգությունները հասարակության կողմից: Եղել են հաղորդումներ հարկադիր աշխատանքի մասին:

Մաս 2

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությունն ուղղված է եղել ժողովրդավարական հաստատությունների ու գործընթացների, քաղաքական բազմակարծության, անկախ մամուլի, անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, կենսունակ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, կրոնի ազատության և մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարում պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորությունների խթանմանը: Ի սատարումն 2007թ. խորհրդարանական ու 2008թ նախագահական ընտրությունների` Միացյալ Նահանգներն առաջարկվող աջակցության ծավալուն փաթեթի միջոցով ձգտել է բարելավել ընտրական համակարգերը, ընթացակարգերը ու ենթակառուցվածքները, ինչպես նաև ներգրավել քաղաքացիական հասարակությունն ընտրական գործընթացներում: 2006թ. սեպտեմբերին գործողության մեջ մտած Հազարամյակի մարտահրավեր ծրագրի համաձայնագրի պայմաններով սահմանված “Արդարացի կառավարման” ցուցանիշների համապատասխանության ապահովումից ելնելով` երկկողմ հարաբերությունների լայն համատեքստում առավել կարևորվել է մարդու իրավունքների ու ժողովրդավարական բարեփոխումների խթանումը:

Մաս 3

ԱՄՆ պաշտոնյաները մշտական դիվանագիտական ճնշում են գործադրում մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանն ուղղված նպատակների խթանման հարցում` աշխատելով կառավարության պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում: ԱՄՆ պաշտոնյաներն այս ուղերձները նաև մշտապես փոխանցում են տեղի լրատվամիջոցներով: ԱՄՆ պաշտոնյաները նաև բազմիցս զգուշացրել են կառավարությանը, որ Հազարամյակի մարտահրավեր ծրագրով ֆինանսավորումը կախված է ժողովրդավարության ասպարեզում կառավարության առաջընթացից ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից դիտարկվող ցուցանիշների ապահովումից: Միացյալ Նահանգները շարունակում է ժողովրդավարության խթանման եռամյա ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների իրականացումը, որոնց կիզակետում երկրի ընտրական գործընթացների հուսալիության մեծացումն է, ինչը ներառում է ճշգրիտ ընտրացուցակների պատրաստում, հրապարակային տեղեկատվության ու ընտրողների իրազեկման ապահովում, ժողովրդավարական քաղաքական մշակույթի ձևավորում, հասարակական կարծիքի հարցումների անցկացման հզորությունների ձևավորում, ընտրությունների հետ կապված արդարացի դատական գործընթացների ամրապնդում, ընտրական դիտորդական հզորությունների մեծացում, քաղաքական կուսակցությունների զորեղացում և լրատվամիջոցներում ընտրական անկախ լուսաբանումների ավելացում: Ամերիկյան ֆինանսավորմամբ պատրաստված ծանուցող հոլովակների միջոցով խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողներն ու պաշտոնյաներն իրազեկվել են նոր ընտրական օրենսգրքով ընտրակեղծիքների համար սահմանված պատժամիջոցների մասին: Թարմացվել է ընտրողների ռեգիստրը, պաշտոնյաների համար անցկացվել է ընտրությունների վարչարարման վերաբերյալ մանրամասն ուսուցում, տեղական ընտրական դիտորդներ են աշխատել երկրի բոլոր ընտրական տեղամասերում և ստեղծվել է ընտրական թեժ գիծ` ընտրողներին իրավական խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով իրականացվող ամերիկյան աջակցությունը նաև խթանել է ընտրողների իրավունքների ու պատասխանատվությունների մասին իրազեկման աշխատանքները և հանգեցրել է հասարակական կազմակերպությունների կողմից քարոզարշավի ակտիվ մոնիտորինգի իրականացման: Բացի այդ, Միացյալ Նահանգներն աշխատում է ընտրակեղծիքների նվազեցման ուղղությամբ` ուսուցման միջոցով, որի շրջանակում մասնավորապես կազմակերպվել են սեմինարներ և ճանաչողական այց դատախազների ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար դեպի ԱՄՆ: Միացյալ Նահանգներն ապահովում է տեխնիկական աջակցություն կենտրոնական իշխանություններին ապակենտրոնացմանը և տեղական կառավարման ժողովրդավարական գործընթացների ու թափանցիկության բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին նախաձեռնություններում:

Անկախ մամուլի զարգացմանը աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները շարունակում է պրոֆեսիոնալ և կայուն տնտեսավարող լրատվամիջոցների զարգացմանն ուղղված մի ծրագիր, ինչը միտված է նվազեցնել խիստ կախվածությունը քաղաքական կամ մասնավոր շահեր ներկայացնող ֆինանսական հովանավորչությունից և խրախուսել լրատվամիջոցներին իրենց ծրագրերը կառուցել այնպես, որ արտացոլվեն հանրությանը մտահոգող հարցեր: Ծրագրի շրջանակում անցկացված ուսուցումն ու ցուցաբերված տեխնիկական աջակցությունը նպաստել են, որ լրատվամիջոցները իրավասու լինեն ստանալ և ապա մարել Միացյալ Նահանգների հատկացրած վարկերը: Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ հետազոտություն է անցկացվել ուղղված տեղեկատվության ազատության մասին օրենքի վերաբերյալ իրազեկվածության մեծացմանը պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավաբանների, դատավորների, հասարակական կազմակերպությունների, խորհրդարանականների ու կուսակցականների շրջանում: Բացի այդ, միջոցներ են հատկացվել տեղում, ինչպես նաև Միջազգային այցելուների ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում լրագրողների ուսուցումներ կազմակերպելու համար: Ամերիկյան օժանդակությամբ կազմակերպված ուսուցումները ներառել են լրագրողական գործի խորացված դասընթացներ, էթնիկ կողմնակալության նվազեցմանը, մամուլին ու ընտրություններին, մամուլի ու կառավարության հարաբերություններին վերաբերող թեմաներ: Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել տեղեկատվության ազատությանը` իր աջակցությամբ ստեղծված ինտերնետային փոխկապակցման կենտրոնների միջոցով, ինչպես նաև 4 Ամերիկյան անկյունների միջոցով, որոնք տրամադրում են տեղեկություններ ԱՄՆ ժողովրդավարական հաստատությունների մասին:

Անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված ԱՄՆ օժանդակությունը ներառում է տեխնիկական աջակցություն միտված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող նախադեպային իրավունքի հարցերի խորացված ընկալմանը, որը ներառում է սեմինարների կազմակերպում ու համապատասխան որոշումների մասին տեղեկատվության թարգմանություն ու տարածում: Կարևոր են եղել նաև ԱՄՆ ջանքերը դատավորի վարքագծի նոր կանոնագրքի մշակման հարցում և փաստաբանների ամենամյա որակավորման քննության ներդրման հարցում, ինչը թույլ է տալիս ոլորտում նոր փաստաբաններ ընդունել թափանցիկ ու օբյեկտիվ ձևով: Արդյունքում պաշտպանությունը ներկայացնող փաստաբանները դատավարությունների ժամանակ ավելի արհեստավարժորեն են կարողանում հակափաստարկներ ներկայացնել դատավորներին ու դատախազներին: Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնական դասընթացներ իրականացնել դատավորների, դատախազների, փաստաբանների ու ոստիկանների համար` նպատակ ունենալով դատական ու իրավապահ մարմինների գործունեությունը համահունչ դարձնել միջազգային չափանիշներին: ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ իրավական համակարգի մասին պատմող մեծ քանակությամբ թարգմանված նյութեր է տրամադրել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին և իրականացրել է ամերիկյան իրավական պրակտիկան ներկայացնող դասընթացներ դատախազների համար: ԱՄՆ կառավարությունը նաև աշխատել է քրեական դատավարության մասին օրենսդրությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելուն ուղղված բարեփոխումների շուրջ` կազմակերպելով փորձագետների այց Միացյալ Նահանգներ տեղի իշխանությունների հետ օրենսդրական նախագծերը քննության առնելու նպատակով:

Մաս 4

Օրենքի գերակայությունը խթանելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ը հանդես է գալիս հակակոռուպցիոն օրենսդրությունը բարեփոխելու դիրքերից, ինչը կսահմանափակի դատական հայեցողականությունը դատավճիռների հարցում և կխստացնի պատիժները կապված կեղծ ցուցմունքներ տալու, կաշառքների ու այլ հարակից հանցանքների հետ: 2007թ. դեկտեմբերին խորհրդարանն ընդունեց ԱՄՆ կողմից օժանդակվող օրենսդրական մի առաջարկ, որը դատական լսումների թափանցիկության ապահովմանն է ուղղված և հնարավորություն է տալիս դատավորների կողմից արտահայտված անհամաձայնությունները ներառել դատական արձանագրություններում: Միացյալ Նահանգները նաև քաղաքացիական հասարակության խմբերին ֆինանսավորում է ապահովում կրթօջախներում ու դատական համակարգում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները հետաքննելու և մեծացնելու իրազեկվածությունը դրանց վերաբերյալ: 2007թ. ԱՄՆ-ը նախաձեռնեց կոռուպցիայի նվազեցման մի ծրագիր, որը օգնում է մարդկանց ապահովել կոռումպացված գործելակարգի դրսևորումների դեմ պայքարելու հնարավորություններով և փոխել հասարակական վերաբերմունքն ու վարքագիծը երիտասարդների ու մեծահասակների շրջանում` նրանց հասու դարձնելով կոռուպցիայի հետևանքները և դրանով իսկ մեծացնելով այդ երևույթին դեմ դուրս գալու կամ դիմակայելու հավանականությունը: Բացի այդ, ծրագիրը հզորացնում է հակակոռուպցիոն հաստատությունները, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակը և խրախուսում է ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ ուղղված են կոռուպցիայի կանխարգելմանը և կրճատմանը:

ԱՄՆ պաշտոնյաները խթանում են կենսունակ քաղաքացիական հասարակության կայացումը` խրախուսելով կառավարման հարցերի շուրջ կառավարության, անկախ և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսության ծավալմանը: 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ ֆինանսավորմամբ կազմակերպվել են հեռուստաբանավեճեր: 2007թ. դեկտեմբերին, 2008թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված, ԱՄՆ ֆինանսավորմամբ տեղական անկախ հեռարձակող ընկերությունների ցանցի միջոցով մարզերում եթեր են արձակվել հաղորդումներ նախագահական թեկնածուների ու ընտրական հարցերի մասին: Նախագահական ընտրություններից առաջ շաբաթը մեկ հեռարձակվող մի հեռուստատեսային ծրագիր ներկայացրել է լրագրողական էթիկային վերաբերող խնդիրները ընտրությունների լուսաբանման փուլում: ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ տեղական հասարակական կազմակերպությունները շարունակում են մարդու իրավունքների, ժողովրդավարական զարգացումների, արդարացի ու թափանցիկ ընտրական գործընթացների ու քաղաքացիական հասարակության խթանմանը ուղղված նախաձեռնությունները: Կուռ և համախմբված ջանքերի միջոցով` ԱՄՆ-ի ու հասարակական կազմակերպությունների շահապաշտպան գործունեությունն իր դերն ունեցավ Ազատություն ռադիոկայանը եթերում պահելու հարցում: Ամերիկյան օժանդակությամբ գործող հասարակական կազմակերպությունները աշխատում են օժանդակելու հոգեկան առողջության հարցերում, ձևավորելու շահապաշտպան գործունեություն մշակելու ու իրականացնելու հզորություններ, բնապահպանական հարցերի շուրջ լոբբինգ իրականացնելու և տեղերում առկա խնդիրները լուծելու նպատակով համայնքների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև երկխոսությունը ամրապնդելու շուրջ: ԱՄՆ աջակցությամբ 2007թ. ընթացքում երիտասարդական խմբեր են մոբիլիզացվել ավելի քան 70 համայնքներում, իսկ հավելյալ ամերիկյան դրամաշնորհները բարելավել են այլ հասարակական կազմակերպությունների տեխնիկական հմտությունները:

Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը խթանելու նպատակով երկրում գտնվող ԱՄՆ պաշտոնյաները սերտ կապեր են ունեցել մարդու իրավունքերի տեղի պաշտպանների ու այդ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների հետ: Ամերիկյան դրամաշնորհների հաշվին ֆինանսավորվել են հանրային իրազեկման քարոզարշավներ ու անցկացվել են սեմինարներ ընտանեկան բռնությունների վերաբերյալ: Բացի այդ, ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվել է աշակերտների ուսուցում մարդու իրավունքների վերաբերյալ երկրի տարբեր բնակավայրերի 35 դպրոցներում և օգնություն է ցուցաբերվել նրանց մշակելու իրենց համայնքների հետ կապված ծրագրային առաջարկներ: Ամերիկյան պաշտոնյաները հաճախակի կառավարության ու եկեղեցական առաջնորդների հետ քննարկել են կրոնական ազատությանն առնչվող խնդիրները՝ մարդու իրավունքների խթանման ընդհանուր քաղաքականության համատեքստում։ ԱՄՆ կառավարությունը սերտ կապեր է պահպանել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի, երկրում գտնվող այլ կրոնական խմբերի առաջնորդների, արտերկրում կենտրոններ ունեցող կրոնական կառույցների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի, Եհովայի վկաներ, բահայականներ) տարածաշրջանային առաջնորդների հետ ու նրանց մտահոգող հարցերը ներկայացրել կառավարությանը: Բացի այդ, դեռևս գերխնդիր է համարվում երկրում թրաֆիկինքի դեմ պայքարը, և ԱՄՆ դիվանագիտական ջանքերն այս ոլորտում շարունակական բնույթ են կրում: Ամերիկյան պաշտոնյաները հաճախակի հանդիպել են կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների և հակարթաֆիկինգային հարցերով միջազգային աշխատանքային խմբի հետ` թրաֆիկինգի դեմ նրանց աշխատանքը խթանելու նպատակով: Ամերիկյան պաշտոնյաները նաև հետևում են թրաֆիկինգ իրականացնելու մեջ կասկածվող մարդկանց դատավարություններին և առաջարկում են այդ խնդրի դեմ պայքարի նախաձեռնություններ, ինչպիսին է օրինակ պատժամիջոցների մեծացումը: ԱՄՆ պաշտոնյաները առաջարկում են հակաթրաֆիկինգային աշխատանքների ֆինանսավորման մոտեցումներ կառավարությանը, իսկ ԱՄՆ հակաթրաֆիկինգային աջակցության շրջանակում գործում է ապաստարան, որը հանգրվան, բուժօգնություն, սոցիալական ու իրավական ծառայություններ է առաջարկում թրաֆիկինգի զոհերին: ԱՄՆ աջակցությամբ իրականացվել է նաև հակաթրաֆիկինգային հարցերի շուրջ ուսուցում սահմանապահների, ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության համար:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States