|

Հուլիսի 2, 2008
Հայաստանի հակակոռուպցիոն պարտավորությունների քննարկման նպատակով կազմակերպվում է համաժողով
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, պետական գործակալությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր սեկտորի և մամուլի ներկայացուցիչները այսօր Երևանի Մարիոտ Արմենիա Հյուրանոցում կայացած առաջին Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում քննարկեցին Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները:
ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի (MAAC) և ՄԱԶԾ-ի կողմից կազմակերպված համաժողովը քննարկումների ասպարեզ ծառայեց հետաքրքրված կողմերի և Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի միջև միջազգային պարտավորությունների ներկայիս վիճակի մասին, հատկապես Կառավարության կաղմից մշակվող Հակակոռուպցիոն ռազմավարության առնչությամբ:
Հակակոռուպցիոն հարցերին նվիրված առաջին համաժողովում քննարկվող հարցերից էին Հայաստանի պարտավորությունները ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի և Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) շրջանակում: Քննարկվեց նաև հակակոռուպցիոն ռազմավարության դերը` այս պարտավորությունների կատարումը երաշխավորելու հարցում:
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար Կոնսուելո Վիդալը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը և Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահի օգնական Գևորգ Մհերյանը:
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշեց. "ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այն կարևոր քայլերը, որոնք կատարել է ՀՀ կառավարությունը տարբեր կարևոր միջազգային պարտավորություններ ստանձնելով: Այսօրվա համաժողովը կառավարությանը` մասնավոր սեկտորին և քաղաքացիական հասարակությանը ասպարեզ է տրամադրում` կոռուպցիայի դեմ համատեղ պայքարելու համար՚:"
|
 ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը Հակակոռուպցիոն համաժողովին հանդես է գալիս բացման խոսքով |
|
|