Հայաստանում դեսպանների և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունը
Ընտրությունների հարցերով զբաղվող միջազգային աշխատանքային խումբը ստեղծվել է 2002թ.` ընտրությունների աջակցման գործընթացում ներգրավված միջազգային կազմակերպությունների և Հայաստանում գտնվող դեսպանատների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով: Խումբը կանոնավոր կերպով խորհրդակցություններ է կազմակերպում: Խմբի աշխատանքները համակարգում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:
Աշխատանքային խմբում ներգրավված դեսպանները և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարները հանդիպեցին մարտի 9-ին` 2007թ. և 2008թ. կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու նպատակով: Հանդիպման մասնակիցները համաձայնեցին հետևյալի շուրջ.
Մասնակիցները նշեցին ՀՀ իշխանությունների կողմից արդեն իսկ ձեռնարկված քայլերը, այդ թվում` ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման նախաձեռնումը և առկա ընտրական օրենսգիրքը վերանայելու նախապատրաստական քայլերը:
Մասնակիցները նշեցին, որ եկող ու դրան հաջորդող տարվա ընթացքում տեղի ունենալիք ընտրությունները անց են կացվելու նոր պայմաններում, քանի որ սահմանադրական հանրաքվեով վերափոխվել է պետական կառավարման համակարգը: Մասնակիցները ողջունում են այդ փոփոխությունները` համարելով, որ ընդհանուր առմամբ դրանք առաջընթաց են հանդիսանում Հայաստանի համար և շտկում են նախկինում գործող սահամանադրության մեջ առկա մի շարք թերություններ:
Միևնույն ժամանակ, հիշատակվեցին նախորդ ընտրությունների ժամանակ տեղ գտած թերությունները և աշխատանքային խմբի անդամներից շատերը նշեցին, որ նոյեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեի քվերակության ընթացքին հետևելու նպատակով հրավիրված միջազգային դիտորդների եզրակացության համաձայն` գործընթացն ուղեկցվել է լուրջ խախտումներով: Հայաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ ընդունել են, որ ակնհայտ են եղել բազմաթիվ թերացումներ, որոնք ստվեր են գցել ընտրական գործընթացի վրա:
Ելնելով այս հանգամանքներից` աշխատանքային խմբի անդամները համաձայնեցին, որ գալիք ընտրությունները վճռորոշ են լինելու Հայաստանի ապագայի համար: Նրանք գտնում են, որ քաղաքացիների կողմից արդար կերպով ընտրված, և ժողովրդի կողմից այդպես ընկալվող, իշխանությունները ոչ միայն կարևոր են արդար հասարակության համար, այլ նաև անհրաժեշտ գործոն են քաղաքական կայունության, ազգային անվտանգության և տնտեսական զարգացման համար: Արդար և բաց ընտրական գործընթացը հանդիսանում է նաև Հայաստանի միջազգային պարտավորություններից մեկը: Մասնակիցները ողջունում են ՀՀ մի շարք պաշտոնյաների կողմից արված այն հայտարարությունները, ըստ որի ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում` ապահովելու, որպեսզի անցյալում արձանագրված թերությունները չկրկնվեն:
Հանդիպման մի շարք մասնակից կառավարության կողմից իրենց աջակցության օգտակար լինելու մասին հայտարարություններից հետո, հայտնել են համապատասխան աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը: Նրանք, մասնավորապես, նշեցին ընտրական հանձանաժողովների անդամների ուսուցմանը աջակցելու կարևորությունը, ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունների հետ կապված փորձաքննության տրամադրումը, ընտրացուցակների բարելավումը և ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ հանրության իրազեկմանը ուղված աշխատանքները: Հանդիպմանը շեշտվեց անհրաժեշտ աջակցության տրամադրման գործում օտարերկրյա կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հնարավորինս շուտ ընդգրկման կարևորությունը` հաշվի առնելով ընտրական գործընթացների բարդությունը և աջակցության ծրագրերը մշակելու ու համակարգելու համար պահանջվող ժամանակը:
Մասնակիցները նաև հույս հայտնեցին որ ՀՀ կառավարությունը հնարավորության դեպքում այս գործընթացում կներգրավի քաղաքացիական հասարակությանը` ապահովելով, որ գալիք ընտրությունները հանդիսանան հասարակության և կառավարության միավորման գործընթաց:
9 մարտի 2006 թ.
|