ՆԱԽԱԲԱՆ
2005-2006ԹԹ. ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Պատրաստվել է ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից
Այսօր աշխարհում օրըստօրե ավելի ու ավելի շատ կանայք ու տղամարդիկ պահանջում են, որպեսզի հարգվեն իրենց իրավունքները, կառավարությունը արձագանքի նրանց կարիքներին, նրանց ձայնը լսելի լինի, նրանց քվեներն հաշվի առնվեն ու լինեն արդար օրենքներ ու արդարություն բոլորի համար։ Խորանում է նաև այն գիտակցումը, որ ժողովրդավարությունն է կառավարման այն ձևը, որը ժամանակի ընթացքում կկարողանա լավագույնս ապահովել քաղաքացիների արժանապատվության, ազատության ու հավասարության պահանջները։
Ինչպես նախագահ Բուշը նշեց նախագահական երկրորդ երդման արարողության ժամանակ «… բռնատիրությունը վերացնելու նպատակով բոլոր ժողովուրդների ու մշակույթների ժողովրդավարական շարժումների ու հաստատությունների առաջընթացին աջակցելը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է»։
Վերջին մեկ տարվա ընթացքում Միջին Արևելքում արձանագրվեցին ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքական բազմակարծության սկզբնավորման, աննախադեպ ընտրությունների և կանանց ու փոքրամասնությունների իրավունքների որոշ պաշտպանվածության դրսևորումներ: ։ Իրաքյան ժողովուրդը երեք անգամ գնաց դեպի ընտրատեղամասեր ու չնայած տիրող բռնությունների մթնոլորտին շարունակեց ընթանալ ժողովրդավարության ճանապարհով։ Աֆղանստանցի տղամարդիկ ու կանայք երկրով մեկ մասնակցեցին օրենսդիր մարմնի 1969թ. ի վեր անցկացվող առաջին ազատ ընտրություններին՝ գավառային կենտրոններում ազդեցությունը մեծացնելու կառավարության ջանքերին զուգահեռ:
Հակամարտությանը հաջորդած առաջին ընտրություններն անցկացվեցին Լիբերիայում ու արդյունքում Աֆրիկայում առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնում ընտրվեց կին ղեկավար՝ նշանավորելով Լիբերիայի անցումը քաղաքացիական պատերազմից դեպի ժողովրդավարություն։ Լատինաամերիկյան ու Կարիբյան ավազանի երկրներում ժողովրդավարությունը շարունակում էր դիմակայել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են թույլ հաստատությունների հզորացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, սոցիալական անարդարության վերացումը։ Ուկրաինայի նոր կառավարությունը՝ արտահայտելով մարդկանց ժողովրդավարական կամքը, նշանակալի առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում։ Իսկ Ինդոնեզիան, որտեղ մահմեդական բնակչությունը մեծամասնություն է կազմում, ամրապնդեց իր ժողովրդավարական համակարգը, երբ առաջին անգամ քաղաքացիները կատարեցին առաջնորդների ընտրություններ քաղաքային, շրջանային ու նահանգային մակարդակներում։
Իսկ Բուրմայից մինչև Բելոռուսիա, Չինաստանից մինչև Կուբա, Հյուսիսային Կորեայից մինչև Սիրիա ու Իրանից մինչև Զիմբաբվե խիզախ կանայք ու տղամարդիկ հետապնդումների էին ենթարկվում ինքնաարտահայտման, միավորումներ կազմելու, հավաքներ կազմակերպելու, տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքների համար, ու չնայած տարաձայնություններին, նրանք շարունակում էին աշխատել խաղաղ փոփոխությունների ուղղությամբ։
Այս զեկույցը ներկայացնում է այն բազմաթիվ ուղիները, որով ամերիկյան արտաքին քաղաքականությունը օգնել է աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին ու իշխանություններին ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրենց մեծացող պահանջները ծրագրային գործողությունների վերածելու հարցում։
Կոնդոլիզա Ռայս ԱՄՆ պետքարտուղար
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2005-2006ԹԹ. ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Պատրաստվել է ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից
Միացյալ Նահանգները տարբեր դիվանագիտական միջոցներով աջակցում է աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության կայացմանը: Այս զեկույցում ամփոփվում է մեր ռազմավարությունը` ըստ տարածաշրջանների ու ներկայացվում է, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկել վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի 95 երկրներում տեղական բարեփոխումներին աջակցելու նպատակով:
2005թ. նախագահ Բուշն ասել էր. «Իր բնույթով ազատությունն այնպիսին է, որ այն պետք է ընտրվի, պաշտպանվի քաղաքացիների կողմից, այն պետք է պահպանվի օրենքի գերակայությամբ ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ … Ամերիկան կառավարման իր ոճը չի պարտադրում նրանց, ովքեր դա չեն ցանկանում: Մեր նպատակն այն է, որ օգնենք մյուսներին իրենց իսկ ձայնը գտնել, իրենց իսկ ազատությունը ձեռք բերել ու իրենց իսկ ճանապարհը հարթել»:
Այս նպատակին հասնելու ճանապարհին Միացյալ Նահանգներն արձագանքել է անձնական ու քաղաքական ազատությունների մեծացող պահանջներին ողջ աշխարհում` աջակցելով բարեփոխումնային նախաձեռնություններին: Մենք համերաշխորեն կանգնեցինք աշխարհի այն խիզախ կանանց ու տղամարդկանց կողքին, որոնք իրենց իրավունքներին հասնելու համար հետադիմական ռեժիմների կողմից հալածանքների էին ենթարկվում: Մենք պաշտպանել ենք մարդու իրավունքների միջազգային չափանիշներն ու առաջադեմ ժողովրդավարական սկզբունքները` աշխատելով տեղերում իշխանությունների, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների հետ և իրագործելով բազմակողմ տարածաշրջանային ու համընդհանուր ձեռնարկներ:
Որպեսզի ժողովրդավարական ճանապարհով ընթացող ժողովրդավարական տերությունները կարողանան ժողովրդավարության բարիքներն առավել լավ մատուցել իրենց ժողովրդին, մենք օգնել ենք, որ ամրապնդվեն կառավարական հաստատություններն ու օրենքի գերակայությունը ավելի խոր արմատներ արձակի: Մենք խրախուսել ենք երկրի հասարակական կյանքում քաղաքացիական մասնակցության` մասնավորապես կանանց ու փոքրամասնությունների մասնակցության մեծացումը: Մարդկանց կամքի արտահայտումն ապահովելու համար մենք խրախուսել ենք քաղաքական բազմակարծությունն ու փորձել ենք ընտրությունների համար ապահովել հավասար դաշտ, ինչը միտված էր ապահովել ընտրությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն ժողովրդավարական գործելաոճ չունեցող կառավարություններից մենք պահանջել ենք պատասխան տալ իրենց քայլերի համար: Ու աշխարհի տարբեր երկրներում նրանք ընկրկել են` տեղի տալով ժողովրդավարության ասպարեզում անկախ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների կարևորագույն ներդրումների առաջ:
2005 ֆինանսական տարվա ընթացքում մարդու իրավունքների ու ժողովրդավարական ծրագրերի համար Միացյալ Նահանգների բյուջեով նախատեսված էր 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար: Մենք նաև նպաստել ենք ժողովրդավարական բարեփոխումներին նպատակային զարգացման ծրագրերի միջոցով, ինչպիսին օրինակ Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի նորարարական ծրագրերն են, որոնց շրջանակում լավ կառավարման որոշակի պահանջների բավարարող երկրներն իրավասու են ստանալ ֆինանսավորում, որն ուղղվում է աղքատության հաղթահարմանը: Միաժամանակ, շարունակել ենք տնտեսական պատժամիջոցների կիրառումը այն երկրների նկատմամբ, որոնք շարունակաբար ոտնահարել են մարդու իրավունքները, մասնավորապես` Բուրմայի ու Կուբայի նկատմամբ: Մեծ ութնյակի երկրների, տարածաշրջանի երկրների կառավարությունների ու հասարակական կազմակերպությունների հետ միասին Միացյալ Նահանգները ձևավորել է երկու նոր կառույց, որոնք աջակցելու են Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բարեփոխումներին. դրանք են` «Հաստատություն հանուն ապագայի» կազմակերպությունը, որն աջակցում է քաղաքացիական հասարակությանը և «Հիմնադրամ հանուն ապագայի» կազմակերպությունը, որն աջակցում է ներդրումներին: Ի վերջո, Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ միջազգային կազմակերպություններն ավելի արդյունավետ կերպով պաշտպանեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Այդ նպատակով 2005 ֆինանսական տարվա համար մենք ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամին տրամադրել ենք 10 միլիոն ԱՄՆ դոլար, ու պնդել ենք, որ ՄԱԿ-ում ստեղծվի Մարդու իրավունքների նոր ու վստահելի մի խորհուրդ, որտեղ ներկայացված չեն լինի կոպիտ ոտնահարումներ թույլ տված երկրները:
Հանուն մարդու իրավունքների ու ժողովրդավարության ձեռնարկված այս աշխատանքների ժամանակ Միացյալ Նահանգները պատրաստակամորեն համագործակցել է այլ երկրների կառավարությունների հետ, կիրառել հասարակական կազմակերպությունների գաղափարներն ու փորձը, քանզի վերջիններս ամեն օր ներգրավված են մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության կերտման դժվարին աշխատանքում` քաղաքացիների, հաստատությունների ու երկրների մակարդակով:
ԵՎՐՈՊԱ ԵՎ ԵՎՐԱՍԻԱ
2005-2006ԹԹ. ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Պատրաստվել է ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից
«Հավաքներ ու խաղաղ ցույցեր կազմակերպելու ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը ժողովրդավարական հասարակությունում էական նշանակություն ունի տեղեկատվության, գաղափարների ու տեսակետների ազատ հոսքի համար»: Սուխրոբջան Իսմաիլով, Ուզբեկստանի Մարդու իրավունքների «Էզգուլիկ» ընկերության Տաշքենդի քաղաքային մասնաճյուղի նախագահ
Եվրոպայում ու Եվրասիայում 2005թ. մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակության կերտման մասով մի շարք տեղերում դրական տեղաշարժեր նկատվեցին, իսկ որոշ տեղերում անհանգստացնող միտումներ էին նախանշվում: Թերևս, ամենացնցող դեպքը Ղրղզստանում կատարված անսպասելի իշխանափոխությունն էր գարնանը կայացած ընտրություններից հետո, որոնք ընթացել էին բազմաթիվ խախտումներով: Գարնանը տեղի ունեցան նաև Անդիժանի դեպքերը հարևան Ուզբեկստանում, որին հաջորդեց վկաների, նրանց ընտանիքների ու ակտիվիստների նկատմամբ դաժան միջոցների կիրառումը, որոնց կառավարությունը փորձում էր մեղադրել կատարվածի համար: Տարվա անհանգստացնող միտումներից մեկն էլ ժողովրդավարական սկզբունքների ու մարդու իրավունքների շարունակական քայքայումն էր Կենտրոնական Ասիայի այլ հատվածներում, ինչպես նաև Բելոռուսիայում ու Ռուսաստանում: Միաժամանակ անկախ մամուլը, ազատ խոսքը և քաղաքացիական հասարակությունը ծաղկում էին ապրում տարածաշրջանի այլ վայրերում, ինչպիսիք են օրինակ Բալկանյան երկրները և Ուկրաինան:
Այս տարածաշրջանում Միացյալ Նահանգները 2005թ. տարբեր եղանակներով շարունակել է իր աշխույժ աջակցությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների ասպարեզում: Դիվանագիտական ճանապարհով աշխատել է կառավարությունների հետ հանդես գալով երկկողմ նախաձեռնություններով, կամ էլ իր ժողովրդավարական դաշնակիցների հետ իրագործելով բազմակողմ ձեռնարկներ: Ամերիկյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար կոչ են արել Եվրոպայի ու Եվրասիայի առաջնորդներին պաշտպանել իրենց քաղաքացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները, կառավարել ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ու անցկացնել ազատ ու արդար ընտրություններ: Աջակցության մատուցման համար Միացյալ Նահանգներն օգտագործել է տարբեր եղանակներ, մասնավորապես` ուսուցման ծրագրեր, խորհրդատվական ու իրավական աջակցություն, դրամաշնորհներ, փոխանակման ծրագրեր, ինչպես նաև դատավարությունների ու ընտրությունների մոնիտորինգ: Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) շարունակել է կարևոր դեր խաղալ մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանության ասպարեզում: 2005թ. Միացյալ Նահանգները աշխատել է Հելսինկյան համաձայնագրում ու դրան հաջորդած համաձայնագրերում արտացոլված ԵԱՀԿ հիմնական սկզբունքների պաշտպանության ասպարեզում ու մասնակցել ժողովրդավարության խթանման աշխատանքներին, ինչպիսին օրինակ ընտրությունների մոնիտորինգն է:
Միացյալ Նահանգները շարունակել է եռանդուն աջակցությունը տարածաշրջանի ժողովրդավարական հաստատություններին ու գործընթացներին, այդ թվում` ազատ ու արդարացի ընտրությունների գործընթացին: Աջակցությունը մատուցվել է դիվանագիտական երկկողմ ձեռնարկների շրջանակում կամ էլ միջազգային գործընկերների`ԵԱՀԿ-ի, Եվրամիության հետ բազմակողմ ձեռնարկների շրջանակում, կամ էլ աջակցության չեզոք ծրագրերի շրջանակում: Այս աշխատանքներն ուղղված են եղել 2005թ. Ադրբեջանի, Ալբանիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի ու Տաջիկստանի ընտրությունների, ինչպես նաև Բելոռուսիայում ու Ուկրաինայում 2006թ. սկզբին նախատեսվող ժողովրդավարական ընտրությունների խթանմանը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ երկրների իշխանություններին հորդորել են անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն ԵԱՀԿ սկզբունքներին: Այս բոլոր դեպքերում էլ ԱՄՆ դիվանագիտական ջանքերն ու աջակցությունն ուղղված են եղել ժողովրդավարական ընտրական գործընթացների պաշտպանությանը և ոչ թե առանձին թեկնածուների պաշտպանությանը: ԱՄՆ աջակցությունը միտված է եղել ընտրողների ուսուցմանն ու իրազեկմանը և ընտրական գործընթացների թափանցիկության մեծացմանը: Աջակցությունը ներառել է ընտրական բարեփոխումների օժանդակում, լրատվամիջոցների հասանելիության ու լուսաբանման օբյեկտիվության մոնիտորինգ, բանավեճեր թեկնածուների միջև, ընտրողների կրթում, տեղական և միջազգային դիտորդական ձեռնարկներ, «էգզիթ փոլ» հարցումներ, քաղաքական կուսակցությունների անկողմնակալ ուսուցում, որտեղ հիմնականում շեշտադրվում է հասարակության թերի ներկայացված խմբերի` կանանց ու երիտասարդության մասնակցության խրախուսումը քաղաքական գործընթացներում: Բացի այդ, Միացյալ Նահանգները շարունակել է եռանդուն կերպով դիվանագիտական ու ծրագրային օժանդակություն ցուցաբերել ժողովրդավարական կառավարման ասպարեզում, որն ի թիվս այլոց ներառում է աջակցություն տեղական իշխանություններին ու խորհրդարաններին, օժանդակություն ուղղված թափանցիկությանը, պատասխանատվությանը, ապակենտրոնացմանն ու հակակոռուպցիոն ջանքերին:
Մարդկանց կամքը արտահայտող ընտրությունները դեռ չեն նշանակում ժողովրդավարություն. այն նաև պահանջում է կենսունակ քաղաքացիական հասարակություն: Միացյալ Նահանգները շարունակել է տարածաշրջանի երկրների իշխանություններին կոչ անել հարգելու ինքնաարտահայտման, միավորումներ ու հավաքներ կազմակերպելու հիմնարար ազատությունները, ու սատար կանգնել ծաղկող քաղաքացիական հասարակություններին, քանզի դրանք հանդիսանում են ժողովրդավարության հիմնաքարը։ Վերջին տարվա ընթացքում Եվրասիայի տարբեր մասերում եղել են քաղաքացիական հասարակության սահմանափակումներ ու ոտնձգություններ հասարակական կազմակերպությունների նկատմամբ։ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում տեղի ունեցած այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները», որոնց ժամանակ մարդիկ դեմ դուրս եկան ընտրակեղծիքների ու կոռումպացված վարչակարգերի դեմ` ի օգուտ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների, տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող շատ կառավարությունների կողմից թյուր կերպով մեկնաբանեցին որպես արտաքին ֆինանսավորմամբ ու օտարերկրյա տերությունների պատվերներ իրականացնող հասարակական կազմակերպությունների ձեռքի գործ։ Ի պատասխան մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Բելոռուսիայում տարբեր աստիճանի սահմանափակումներ կիրառվեցին հասարակական կազմակերպությունների նկատմամբ, հիմնականում արտաքին ֆինանսավորման, ինչպես նաև քաղաքական ընդդիմություն ու անհամաձայնություն ցուցաբերելու հարցերում։ ԱՄՆ աջակցությունը շարունակել է հզորացնել ժողովրդավարական քաղաքացիական հասարակություններն ու զարգացրել է հասարակական կազմակերպությունների հնարավորությունները շահերի պաշտպանության, կառավարության գործունեության վերահսկման ու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ասպարեզներում։ Հասարակական կազմակերպություններին ԱՄՆ աջակցության ցուցաբերումը իրականացվում է թափանցիկորեն ու համապատասխանում է այդպիսի աջակցության ԵԱՀԿ ու միջազգային չափանիշներին։ Միացյալ Նահանգները օժանդակություն ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերել այն հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության, ազատ խոսքի ու մամուլի ձևավորման, ընտրական մոնիտորինգների ասպարեզում, հանդիսանում են իշխանությունների գործունեության հսկիչներ և մատուցում են կենսական նշանակության ծառայություններ քաղաքացիներին ու փախստականներին։
Տարածաշրջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների խթանման ԱՄՆ օժանդակության մյուս կարևոր ուղղվածությունը շարունակել է մնալ աջակցությունը անկախ լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են տարբեր տեսակետներ ու ապահովում են օբյեկտիվ լրատվություն քաղաքացիների համար։ ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվել են ուսուցման ու փոխանակման ծրագրեր լրագրողների համար, տրամադրվել է աջակցություն անկախ տպագիր ու ռադիոհեռուստատեսային լրատվամիջոցներին հզորությունների զարգացման ու ֆինանսական կայունության ապահովման, լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրության բարելավման, իրավական աջակցության ու ինտերնետի միջոցով օբյեկտիվ լրատվության ավելի մեծ հասանելիության ապահովման համար: ։ 2005թ. Ղրղզստանում տեղի ունեցած իրադարձություններն ապացուցեցին, թե ինչ կարևոր դեր ունի մամուլի ազատությունը զարգացող ժողովրդավարական հասարակության համար, մասնավորապես այն տեսանելի դերը, որ խաղացին ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ գործող անկախ տպագիր միջոցները ժողովրդավարական պոռթկման ժամանակահատվածում։ Մոլդովայում Միացյալ Նահանգներն հաջողությամբ օգտագործեց ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացված լրատվամիջոցների մոնիտորինգի նախագծի արդյունքները՝ հուշելու կառավարությանը, որ 2005թ. մարտի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում թեկնածուներին լրատվամիջոցներից օգտվելու հավասար հնարավորություններ տրվեն ու հավասար լուսաբանում ապահովվի։
Օրենքի գերակայության ու մարդու իրավունքների, այդ թվում` կրոնական ազատության խթանումը շարունակել է մնալ տարածաշրջանում ԱՄՆ ջանքերի առանցքային բաղադրիչներից մեկը։ Միացյալ Նահանգները շարունակել է աջակցությունը մարդու իրավունքների պաշտպաններին ու հանդես է եկել դատական բարեփոխումների ու դատական անկախության պաշտպանության դիրքերից։ Աշխատելով առանձին երկրների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակում ԱՄՆ–ը օժանդակել ու դասընթացներ է կազմակերպել տարածաշրջանի մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստների ու հասարակական կազմակերպությունների համար՝ զարգացնելով կառուցվածքային հզորություններն ու խրախուսելով օրենքի գերակայության պաշտպանությունը։ ԱՄՆ պաշտոնյաները բարոյական ու նյութական օգնություն են ցուցաբերել մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպաններին և, երբ ունեցել են այդպիսի թույլտվություն, գնացել են նրանց դատավարություններին ու բանտերում այցելել նրանցից շատերին։ ԱՄՆ կողմից կազմակերպվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց տանջանքների չենթարկելու մասին դասընթացներ իրավապահ կառույցների ու զինվորականների համար։
Միացյալ Նահանգները շարունակել է հանդես գալ ոտնահարումների, այդ թվում ոտնահարումների առանձին դրսևորումների դեմ ու կոչ անել պաշտպանել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, երբ դրանք վտանգված են, մասնավորապես՝ մեր դաշնակիցներ Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում ու Ադրբեջանում։ Միացյալ Նահանգներն առաջնորդում էր Անդիժանի դեպքերի հետ կապված անկախ հետաքննություն անցկացնելու միջազգային կոչերը։ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում Միացյալ Նահանգներն աջակցեց ու կողմ քվեարկեց Եվրամիության կողմից Ուզբեկստանում կատարված ոտնահարումների, այդ թվում և Անդիժանի մասին բանաձևին ու Եվրամիության ու մի շարք երկրների հետ միասին ներկայացրեց մի հաջող բանաձև, որը դատապարտում էր մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները Թուրքմենստանում ու կոչ էր անում երկրի կառավարությանը շտկել իրավիճակը։ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2005թ, ապրիլյան նիստին ԱՄՆ–ը մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հարցերում Բելոռուսիայի կառավարության գործողությունների մասին մտահոգություն հայտնող հաջող բանաձևի համահեղինակներից մեկն էր։
Ինչպես բազմիցս ասել է Պետքարտուղար Ռայսը, Միացյալ Նահանգներն իր անվտանգության շահերից ելնելով զիջումների չի գնում ժողովրդավարության ու մարդու իրավունքների խթանման ասպարեզում։ Անշուշտ Միացյալ Նահանգներն ընդունում է, որ առողջ ժողովրդավարական հասարակության համար, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու հիմնարար ազատությունները, առանցքային են կայունությունը, բարգավաճությունն ու անվտանգությունը։
Ղրղզստանի նախագահական թեկնածուների առաջին բանավեճը հանրապետական ուղիղ եթերում
Նախագահ Ակաևի հանկարծահաս հեռացման պատճառով 2005թ. հուլիսին նոր նախագահական ընտրություններ նախատեսվեցին։ Ավտորիտար համակարգի ճիրաններից դուրս եկած թեկնածուների առաջ, հաշվի առնելով նաև մամուլի սահմանափակ ազատությունը, անմիջապես ծառացավ իրենք քաղաքական հենքը ընտրողներին ներկայացնելու խնդիրը, քանզի անհրաժեշտ էր, որ ընտրողները ծանոթանային թեկնածուներին ու նրանց հիմնական գաղափարախոսությանը։ Միացյալ Նահանգների աջակցությամբ այս խնդրին ու ժողովրդավարական ընտրությունների խթանմանն ուղղված մի շարք նախագծեր։ Այդ նախագծերից մեկի շրջանակում Ինտերնյուզն աշխատում էր Ղրղզստանի Ազգային ռադիոյի ու հեռուստատեսության կորպորացիայի հետ՝ օգնելու կազմակերպել նախագահական թեկնածուների առաջին հանրապետական բանավեճն ուղիղ եթերում 2005թ. հուլիսյան ընտրությունների նախաշեմին։
Նախապատրաստելով այն՝ փորձագետները հետազոտություն անցկացրեցին շուրջ 800 ղրղզ քաղաքացիների շրջանում՝ որոշելու օպտիմալ բովանդակությունը, ձևաչափը, լեզուն, հեռարձակման միջոցը (ռադիո կամ հեռուստատեսություն) ու ժամը։ Հարցվողների 50 տոկոսից ավելին նշել էին, որ բանավեճերը կօգնեն, որ ընտրության օրը նրանք ճիշտ ընտրություն կատարեն։ Լրատվամիջոցների գծով Ղրղզստանի ու Ռուսաստանի փորձագետները լրագրողների ու պրոդյուսերների ուսուցում անցկացրեցին մեթոդաբանության ու ռադիոյով կամ հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճերի ու թոքշոուների կազմակերպման կիրառական հարցերի շուրջ և անդրադարձան տեխնիկական, բովանդակային ու նախապատրաստական հարցերին։
Մայիսից Ինտերնյուզը սկսեց համակողմանի տեղեկատվական քարոզարշավ՝ ներկայացնելու նախագիծը Ղրղզստանի պաշտոնյաներին, նախագահական թեկնածուներին ու հանրությանը։ Ինտերնյուզը նամակներ գրեց ու հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հրապարակեց մի շարք հոդվածներ ու մամլո հաղորդագրություններ բանավեճերի մասին, որոնք ներկայացվեցին լրատվամիջոցների մեծ մասում։ Բանավեճերի մասին մի շարք հոդվածներ հայտնվեցին տեղական մամուլում կամ հատուկ թողարկումներում, իսկ բանավեճի ժամկետները ներկայացվում էին գործընկեր կազմակերպությունների կողմից ընտրողներին տրամադրվող տեղեկատվության հետ միասին։
Հուլիսի 14-ից 8-ը չորս բանավեճ տեղի ունեցավ։ Նախագահության վեց թեկնածուները երկուական հանդես եկան 90 րոպե տևող բանավեճերում, իսկ վերջին բանավեճին, որը տևեց 120 րոպե, մասնակցում էին չորս թեկնածուներ։ Յուրաքանչյուր բանավեճ ուներ ընդհանուր թեմա, որոնք ներառում էին գույքային իրավունքներ, 2005թ. մարտի հեղափոխությունը, քաղաքական բարեփոխումները, նախագահական ընտրությունները և քաղաքացիական հասարակությունը։ Ուղիղ եթերի ժամանակ առաջին երեք բանավեճերի ժամանակ յուրաքանչյուր թեկնածուի տրամադրվում էր 25 րոպե ժամանակ իր դիրքորոշումը ներկայացնելու համար, իսկ եզրափակիչ բանավեճում յուրաքանչյուրին տրվում էր 12 րոպե։ Թեկնածուներն ու մասնակիցները հարցեր կարող էին տալ ղրղզերեն ու ռուսերեն լեզուներով։ Բացի այդ, բանավեճերի հետ միասին ներկայացվում էր հետևյալը.
- Համառոտ կենսագրական տեսանյութ թեկնածուների մասին, որ հեռարձակվում էր սկզբում,
- Բանավեճի թեմայի վերաբերյալ թեկնածուի դիրքորոշման ու քաղաքական հենքի ներկայացում,
- Կարճ տեսանյութեր բանավեճի թեմայի վերաբերյալ,
- Բիշկեքի ստուդիայում գտնվող հասարակական կազմակերպությունների ներկայացնող հանդիսատեսի հարցերը,
- Եզրափակիչ խոսքի հնարավորություն յուրաքանչյուր թեկնածուի համար և
- Հանդիսատեսի եզրափակիչ մեկնաբանություններն ու խորհուրդները թեկնածուներին։
Հեռուստատեսային բանավեճերից զատ Ղրղզստանի ազգային ռադիոն ընտրական հաղորդումների մի շարք հեռարձակեց Ինտերնյուզի կազմակերպած դասընթացներից հետո։ Բանավեճերը լայն լուսաբանում ստացան տեղական, միջազգային ու էլեկտրոնային լրատվամիջոցներում, մասնավորապես այն օրը, երբ բանավեճին մասնակցում էր նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնած առաջատար թեկնածու Կուրմանբեկ Բակիևը։ Լրագրողները իրավունք ունեին նյութ նախապատրաստելու համար ստուդիա գալ բանավեճից առաջ և հետո։ Բոլոր բանավեճերը միաժամանակ հեռարձակվում էին նաև «21 վեկ» ազգային ռադիոալիքով։ ԵԱՀԿ–ի ու տեղական Ինտերնյուզ հասարակական կազմակերպության աջակցությամբ ուղիղ եթերում ընթացած բանավեճը թարգմանվեց ու հաջորդ օրը առավոտյան այն կրկնվեց՝ ղրղզերեն, ռուսերեն տիտրերով։ Կրկին ԵԱՀԿ աջակցությամբ մեծ հեղինակություն վայելող «Օշ» մասնավոր ընկերությունը, որի հաղորդումներն հիմնականում հեռարձակվում են Ղրղզստանի ուզբեկ բնակչությամբ ու հարավային շրջանների մեծ մասում, հեռարձակեց բանավեճն ուզբեկերեն համաժամանակյա թարգմանությամբ, որպեսզի այն դիտի նաև ուզբեկ բնակչությանը։ Ղրղզական հիմնական անկախ լրատվական գործակալությունը՝ «Ակի պրեսը» լուսաբանում էր բոլոր բանավեճերը՝ մանրամասնելով թեկնածուների արտահայտած փաստարկներն ու դիրքորոշումները։ Ազգային ռադիոյի ու հեռուստատեսության կորպորացիան հաղորդեց, որ բանավեճերին հետևել են բազմաթիվ քաղաքացիներ ու դրանք լավ արձագանք են գտել։ Որոշ ընտրողներ նշում էին, որ բանավեճերը վճռական դեր են խաղացել այս կամ այն թեկնածուին նախապատվությունը տալու հարցում։
Կարճ ասած, այս նախագիծը բարելավեց Ազգային ռադիոյի ու հեռուստատեսության կորպորացիայի աշխատակիցների բանավեճեր կազմակերպելու ու վարելու մասնագիտական հզորությունները։ Բացի այդ, այն ապահովեց նոր ու հավասարակշռված լուսաբանման հնարավորություն, մասնակիցներին տրվեց եթերաժամանակ իրենց դիրքորոշումը ընտրողներին ներկայացնելու համար, ընտրողներն հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել անմիջականորեն թեկնածուներին ու օգնեց, որ քվեարկության օրը տեղամասեր ներկայանային հիմնավորված ընտրություն կատարելու պատրաստ քաջատեղյակ ընտրողներ:
ՀԱՅԱՍՏԱՆ
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կառավարության գործունեությունը շարունակել է մնալ անբավարար. չնայած որոշ ոլորտներում տեղ գտած դրական տեղաշարժերին, դեռ կան լուրջ հիմնախնդիրներ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի լայն գործադիր իրավասությունները շարունակում էին մնալ համեմատաբար անվերահսկելի հաճոյաբարո ազգային ժողովի կողմից, դատական համակարգը ենթարկվում է քաղաքական ճնշումների ու կոռուպցիայից պաշտպանված չէ, իսկ ընդդիմությունը թույլ է և քմահաճ: 2003թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, որոնք երկարաձգեցին Քոչարյանի պաշտոնավարման ժամկետն ու իշխանության բերեցին կառավարական դաշինքին, ընթացել են լուրջ ընտրախախտումներով, ինչը նաև տեղի ունեցավ 2005թ. հանրաքվեում, որով ընդունվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Տարեվերջի դրությամբ պարզ չէր, թե կառավարությունը ինչպես և ինչքանով է պատրաստվում կատարել այն նոր փոփոխություններն ու իրավական բարեփոխումները, որոնք Հայաստանը պարտավորվել է անել 2001թ. Եվրախորհրդի անդամ դառնալով։ 2005թ. սակավաթիվ հանրահավաքներին ու ցույցերին մասնակցությունը եղել է սոսկ անվանական։ Արդյունքում, ոստիկանական գործողությունները լուրջ խնդիր չեն հանդիսացել` ի տարբերություն նախորդ տարիների։ Կասկածյալների ու վկաների նկատմամբ ֆիզիկական չարաշահումներն ու երկարատև նախնական կալանքը շարունակել են մնալ խնդրահարույց։ Խնդրահարույց է նաև կոռուպցիան ոստիականական ու դատախազական համակարգերում։ Բանտային պայմանները շարունակել են մնալ անբավարար։ Եղել են որոշ սահմանափակումներ մամուլի, հանրահավաքների ու կրոնական ազատությունների մասով։ Շարունակվել են բռնությունները կանանց հանդեպ, ինչպես նաև մարդկանց թրաֆիկինգը։
Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ամերիկյան ռազմավարությունը Հայաստանում համար միտված է եղել ժողովրդավարական հաստատությունների ու ժողովրդավարական գործընթացների, , անկախ մամուլի, հանրահավաքների ազատության, առողջ քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կրոնական ազատության ու մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի խթանմանը։ Այս և արդարացի կառավարման մի շարք այլ ոլորտներում երկրի կատարողական ցուցանիշները վերջերս ստորագրված Հազարամյակի մարտահրավերների 5-ամյա ծրագրի պայմաններից են: Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հազարամյակի մարտահրավերների ծրագրով ֆինանսավորում ստանալու շարունակական իրավասությունը կախված է արդարացի կառավարման ոլորտում կառավարության առաջընթացից։
2005թ. ԱՄՆ դեսպանությունը Ժողովրդավարական ռազմավարության հատուկ աշխատանքային խումբ է ձևավորել` որոշելու, թե 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ինչպես հնարավոր կլինի լավագույնս կիրառել ԱՄՆ ռեսուրսները։ Միացյալ Նահանգները ֆինանսական ու տեխնիկական աջակցության եռամյա ծրագրային փաթեթ է ներկայացրել, որն ուղղված է Հայաստանում ընտրական վարչարարության հզորությունների մեծացմանը (մասնավորապես՝ ճշգրիտ ընտրացուցակների պատրաստում, հանրության իրազեկում ու կրթում): Այն միաժամանակ միտված է ժողովրդավարական քաղաքական մշակույթի ձևավորմանը, հասարակական կարծիքի հարցումների անցկացման հզորությունների զարգացմանը, ընտրական վեճերի արդարացի լուծման հնարավորությունների ամրապնդմանը, ընտրական մոնիտորինգի հնարավորությունների ընդլայնմանը, քաղաքացիական կուսակցությունների զորեղացմանը, ինչպես նաև լուսաբանման ծավալների ավելացմանը անկախ մամուլում:
Բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվամիջոցների տնօրենների ու լրագրողների շրջանում Միացյալ Նահանգներն հետևողականորեն անդրադարձել է մամուլի ազատության ու պատասխանատվության հարցին ։ Մամուլի ազատությունը խթանելու համար Միացյալ Նահանգները 2005թ. սկսել է պրոֆեսիոնալ լրատվամիջոցների զարգացման, կողմնակալ քաղաքական հովանավորչությունից խիստ կախվածությունը փոքրացնելու, ու հասարակական շահերից բխող ձեռնարկների մի նոր ծրագիր։ Հիմնվելով նախկինում իրականացված ծրագրերի հաջող փորձի վրա այս ծրագիրն ուսուցումներ է անցկացրել ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք կարողանան ստանալ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող վարկային միջոցներ, ապա հետագայում կարողանան մարել այդ վարկերը: Ծրագիրը նաև հեռուստատեսային ռեյտինգային համակարգ է ձևավորել, որն ապահովում է այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է լրատվամիջոցներին իրենց լսարանի կարիքներից բխող ծրագրեր պատրաստելու ու գովազդային եկամուտները մեծացնելու համար։ Միջազգային այցելուների լիդերների ծրագրի շրջանակում լրագրողների համար կազմակերպվել են լրագրողական ու մասնագիտական էթիկայի մասին դասընթացներ, իսկ վարչական պատասխանատուների համար՝ դասընթացների բիզնեսի մասին։
Տեղեկատվության անկախ աղբյուրներից ազատ օգտվելու հնարավորություն ապահովելու համար ԱՄՆ ծրագրերի շրջանակում ձևավորվել են ինտերնետային փոխկապակցման մի շարք կենտրոններ, որոնցով միմյանց ու աշխարհի հետ փոխկապակցվում են Հայաստանի դպրոցները։ Ինտերնետային կենտրոնների միջոցով ազգային դպրոցական ու համայնքային ցանցով կազմակերպվել են քննարկումներ, դասընթացներ ու այլ ուսուցողական ծրագրեր, որոնք վերաբերում են ժողովրդավարության սկզբունքներին, քաղաքացիական մասնակցությանը և համայնքային զարգացմանը։ Բացվել են երկու ամերիկյան անկյուններ, որոնք տեղեկատվություն են ապահովում ամերիկյան ժողովրդավարական հաստատությունների մասին, կազմակերպում են մշակութային միջոցառումներ, որոնց շրջանակում Ամերիկյան անկյունում կանոնավոր կազմակերպվել են դասախոսություններ, որոնք վարել են ամերիկացի պաշտոնյաները կամ ԱՄՆ–ում ուսանած շրջանավարտները։ Դասախոսություններ են եղել ամերիկյան քաղաքական կուսակցությունների, ժողովրդավարական արժեքների, կրոնական բազմակարծության, ամերիկյան քաղաքացիական հասարակության ու նահանգային հսմակարգի մասին։
Առողջ քաղաքացիական հասարակությունը խթանելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաները հետևողականորեն խրախուսել են կառավարությանը, անկախ ու ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը ծավալել կառուցողական երկխոսության լավ կառավարման հարցերի շուրջ։ ԱՄՆ զգալի ֆինանսավորմամբ տեղական հասարակական կազմակերպությունները իրագործել են մարդու իրավունքների, մամուլի ազատության, ժողովրդավարական զարգացման ու քաղաքացիական հասարակության խթանմանն ուղղված նախաձեռնություններ։ Քաղաքացիական հասարակության ամրապնդումը տվել է կոնկրետ արդյունքներ։ Լոբիզմի մասին կառավարության առաջարկած օրինագիծը, որ շրջանառության մեջ դրվեց 2005թ. սպառնում էր սահմանափակել հայկական հասարակական կազմակերպությունների շահապաշտպան գործունեությունը մի շարք հարցերում, սակայն տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների արդյունավետ լոբիզմը (Միացյալ Նահանգները պաշտպանում էր դրանց մեծ մասը) դրդեց Ազգային ժողովին մի կողմ դնել այդ օրինագիծը։ Ամերիկյան դրամաշնորհներ են տրամադրվել ավագանիներ ձևավորելու համար, ինչը խրախուսում է քաղաքացիական մասնակցությունը կառավարման գործընթացում։
ԱՄՆ պաշտոնյաները հորդորել են կառավարությանը հարգել հանրահավաքների ազատությունն ու ուշադիր հետևել են այն սակավաթիվ ցույցերին ու հանրահավաքներին, որ տեղի են ունեցել տարվա ընթացքում։
Օրենքի գերակայությունն ու հավասարակշռման ու վերահսկման ժողովրդավարական համակարգը խթանելու նպատակով Միացյալ Նահանգներն աշխատել է միջազգային հանրության հետ՝ աջակցելու Եվրախորհրդի աշխատանքներին, որոնք նպատակ ունեին օգնել Հայաստանին մշակել միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանադրական փոփոխությունների փաթեթ։ Միացյալ Նահանգները օրենսգիտական խորհրդատվություն է ցուցաբերել ու ֆինանսական միջոցներ է տրամադրել իրազեկման քարոզարշավի համար։ Հայաստանի դատավորների միությունը միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին ու ընդունել է մասնագիտական էթիկայի նոր կանոնագիրք, որը մշակվել է ԱՄՆ աջակցությամբ։ Ամերիկյան ծրագրերը նաև օգնել են ձևավորել Փաստաբանների միություն, որը 2005թ. սկսել է հայ փաստաբանների մասնագիտական էթիկայի կանոնագրքի մշակումը։ Այս բարեփոխումները կարճաժամկետ կտրվածքով նշանակալի տեղաշարժեր չեն ապահովել Հայաստանի դատաիրավական միջավայրում, սակայն ապահովում են լավ հիմքեր, որոնց վրա հայ դատավորներն ու փաստաբանները կկարողանան անկախ դատական համակարգ կերտել։ Օրենքի գերակայությունը խթանելու նպատակով Միացյալ Նահանգները նաև օգնել է դատավորների, իրավաբանների ու դատախազների ուսուցման հարցերում։ 2005թ. իրականացված ամերիկյան բոլոր ծրագրերն ունեցել են հակակոռուպցիոն բաղադրիչ, որպեսզի պայքարեն արմատացած այս երևույթի դեմ։
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը խթանելու նպատակով ամերիկյան ծրագրերը տեխնիկական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերել մարդու իրավունքների հարցերով զբաղվող հայկական հասարակական կազմակերպություններին` իրենց ոլորտի հայկական ու հարավ–կովկասյան գործընկերների հետ կապ ապահովելու համար։ Ձևավորված կապերի շնորհիվ հայկական հասարակական կազմակերպությունները կարողացել են ներկայացնել իրենց ձեռքբերումներն ու ծանոթանալ ոլորտի լավագույն փորձին, նախաձեռնել համատեղ տարածաշրջանային ուսումնական դասընթացներ և իրականացնել աշխատանքներ կանանց, երեխաների, փոքրամասնությունների ու բանտարկյալների իրավունքների պաշտպանության ասպարեզում։ Ամերիկյան դրամաշնորհների միջոցով կազմակերպվել են իրազեկման քարոզարշավներ հաշմանդամների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Դեսպանը և ամերիկյան այլ պաշտոնյաներ հաճախակի կառավարության ու երկրի եկեղեցական առաջնորդների հետ քննարկել են կրոնական ազատության հարցը՝ մարդու իրավունքների ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Դեսպանությունը սերտ կապեր է պահպանել Կաթողիկոսի (Հայաստանի ազգային Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի), երկրում գտնվող այլ կրոնական խմբերի առաջնորդների, արտերկրում կենտրոններ ունեցող կրոնական կառույցների (Վերջին օրերի սրբերի եկեղեցի, Եհովայի վկաներ) տարածաշրջանային առաջնորդների հետ ու նրանց մտահոգող հարցերը ներկայացրել կառավարությանը: Դեսպանությունն ուշադիր հետևել է կրոնական ազատություններին առնչվող դատավարություններին ու ակտիվորեն մասնակցել է կրոնական ազատության ոլորտի քաղաքականությանը վերաբերող համաժողովներին ու հասարակական կազմակերպությունների քննարկումներին: Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ հետևողականորեն շեշտադրվել է այլընտրանքային ծառայության կարևորությունը Եհովայի վկաների համար, որոնք դավանական նկատառումներից ելնելով մերժում են զինվորական ծառայությունը: Դեսպանությունը կազմակերպել է մի շարք քննարկումներ ու ընդունելություններ ի պատիվ կրոնական կազմակերպությունների ամերիկյան ներկայացուցիչների ու այդ միջոցառումներին հրավիրել է տեղական փոքրամասնական կրոնական խմբերի առաջնորդներին:
Թրաֆիկինգի դեմ պայքարը Հայաստանում շարունակում է մնալ որպես գերակայություն: Չնայած Միացյալ Նահանգների կողմից ներկայացվող երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը իջել էր ու տեղ գտել երկրորդ խմբի հատուկ վերահսկման երկրների շարքում` սակայն ամերիկյան ծրագրերը տվել են կոնկրետ արդյունքներ: Միացյալ Նահանգները ֆինանսավորել է թրաֆիկինգի զոհերի աջակցության ծրագիր, որը տուժողներին ապահովել է ապաստարանով, բժշկական, սոցիալական ու իրավական ծառայություններով, օգնել է թրաֆիկինգի վեց զոհերի հայրենադարձմանը և ֆինանսավորել է թեժ գծի ծառայությունը: ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով կազմակերպվել են իրազեկման քարոզարշավներ երկրով մեկ, իրականացվել է թրաֆիկինգից տուժողների պաշտպանող փաստաբանների ուսուցում: ԱՄՆ ծրագրերի օգնությամբ կազմակերպվել են հակաթրաֆիկինգային սեմինարներ մանկատների աշխատակիցների ու սաների համար և ֆինանսավորվել են թրաֆիկինգի վերաբերյալ տեղեկատվական կայք հիմնելու աշխատանքները:
|